ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ՀՅԴ ԳՄ անդամ, Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի մահվան գույժին՝ գրել է.
«Մտերիմները գիտեին, որ նա վատառողջ է: Շատ վատառողջ: Գերմանիայից վերադարձող բոլոր պատվիրակություններին հարցնում էինք. Վահանը ոնց է: Բոլորի մոտ հույս կար, որ այդ կենսուրախ և պայծառ մարդը հաղթելու է մահը հանուն կյանքի, որն այնքան սիրում էր:
Այսօր Վահան Հովհաննիսյանը գնաց: Շատ ծանր ու վշտացնող ազդ անցնող տարվա վերջին կիրակի:
Երբ սեպտեմբերին Բեռլինում էի, մենք հանդիպեցինք՝ հիշելով համատեղ աշխատանքի ամենավառ դրվագները, խոսեցինք ամեն ինչից, բայց նրա կատակները հաճախ մահվան մասին էին, ծանր կատակներ էին: Ի պատասխան ասացի, որ դու մեռնելու իրավունք չունես, մինչև ինձ ու Հրայրին (Թովմասյան) դալանում չծեծես: Ժպտաց, ասելով՝ դե դու արդեն մի կողմ, իսկ Հրայրի մասին դեռ կմտածեմ: Բաժանվեցինք` հույս ունենալով, որ էլի կհանդիպենք:
Չստացվեց:
Վահանը եզակի մարդ էր, ումից Ազգային Ժողովում ես շատ բան եմ սովորել: Ամենաինտելեկտուալ, ամենամտավորական մարդկանցից մեկը զարդարում էր յուրաքանչյուր շրջապատ, որտեղ հայտնվում էր:
Աստված հոգիդ լուսավորի, ընկեր Վահան»: