Մեր քաղաքական կյանքում ամեն բան միօրինակ ու հոգնածության հասցնող կանխատեսելի է: Արարատի մարզում Եռյակը դարձյալ հանրահավաք արեց այն քաղաքում, որտեղ վարչական ռեսուրս ունի:
Նույն Արարատում մենք տեսանք այն, ինչ տեսել էինք Հրազդանում. մի խումբ կանայք խանգարում էին հանրահավաքը: Պետությունը մեծանում է, բայց իշխանությունն ու ընդդիմությունը չեն հասունանում՝ մանկամիտ իրենց հնարքներով դառնալով ծիծաղի առարկա: Արարատն, անշուշտ, «առանձնահատկություններ» էլ ուներ:
Դրանցից առաջինի հեղինակն Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանն էր, ով տեռորիստի հոգեբանությամբ օգտագործեց երեխաներին՝ ընդդիմության հանրահավաքը հարամելու համար: Մեղմ ասած՝ սիրուն չի:
Մյուս առանձնահատկությունն Եռյակի հանրահավաքի հարթակում էր:
ԲՀԿ պատգամավորները դարձյալ քննադատեցին իշխանությանն՝ որպես պահանջ ձևակերպելով ընդհանուր բնույթի կարգախոսներ:
Անգամ ՀԱԿ-ի Արամ Մանուկյանն, ով Աբովյանում հիշել էր իշխանավորների նախնիներին, Արարատում չափազանց զուսպ ելույթ ունեցավ:
Ահա այս ֆոնին՝ տեսանելի է, որ Եռյակի ձևաչափում ավտոնոմ նախաձեռնություն է ցուցաբերում «Ժառանգություն» կուսակցությունը, որի ներկայացուցիչները՝ ժողովրդի միջոցով, փորձում են իրենց գործընկերներին, հատկապես՝ ԲՀԿ-ին, պարտադրել իշխանափոխության պահանջ: Քանի մոտենում է հոկտեմբերի 10-ի, Եռյակի ֆորմատում օրակարգային կոնտրաստն ավելի ակնհայտ է դառնում...
Զարուհին էլ ասել է, որ հանրահավաքի չի գնալու, որովհետև օրակարգն իրեն չի բավարարում: «Թեժ» է լինելու Եռյակում...