▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր հարազատի կյանքի համար 6400 եվրո արժողությամբ անհրաժեշտ դեմամիջոցը DHL Express-ն առաքեց շատ ուշ. այն ալևս պիտանի չէր

 

«Դեղամիջոցն ապրիլի 27-ին վերջապես Հայաստանում էր, սակայն հենց ստանալու պահին հասկացանք, որ այն արդեն հնարավոր չէ օգտագործել»,-Asekose.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Դալլաքյանը: Վերջինս ավելի վաղ դիմել էր մեր խմբագրություն՝ տեղեկացնելով, որ իրենց ընտանիքի բարեկամի՝ 76-ամյա Առաքելի համար Գերմանիայից օնկոլոգիայի համար նախատեսված հատուկ  դեղամիջոց էին պատվիրել, որն ամենաուշն ապրիլի 13-ին պետք է լիներ Հայաստանում, սակայն Գերմանիայից դեղամիջոցը հայտնվել էր ՌԴ-ում, ապա Անգլիայում, որից հետո էլ ուշացումով հայտնվել էր Վրաստանում:

Ընտանիքի բարեկամի խոսքով՝ DHL Express ընկերությանն այս փոխադրման համար վճարել էին 400 եվրո, որպեսզի փոխանցումն արագ իրականացվի, սակայն ընկերությունը ոչ միայն չկարողացավ դեղը ճիշտ ժամանակին առաքել, այլ այն այլևս պիտանի չէ օգտագործման համար:

«Մենք մեր հարազատի համար ոչինչ չենք խնայել, հանուն նրա առողջության բոլոր բարեկամներով գումար էինք տրամադրել և գնել էինք նրա հիվանդության համար անհրաժեշտ այդ դեղամիջոցը, որի համար գնել էինք նաև սառցե հատուկ տարրաներ, քանի որ հակառակ դեպքում՝ դեղամիջոցը, որը, ի դեպ, Հայաստանում չի վաճառվում, հնարավոր չէր լինի առաքել: Երբ ամբողջ աշխարհում ստեղծված իրավիճակից ելնելով՝ նման պատկեր առաջացավ, և հնարավոր չեղավ մեր առաքումը ժամանակին իրականացնել, մեզ ասացին, որ դեղամիջոցը պահվում է սառնարանում, սակայն մենք ստացանք այն այլևս ոչ պիտանի վիճակում և հրաժարվեցինք վերցնել»:

Ընտանիքի անդամը վստահեցնում է, որ DHL Express ընկերությունը նախկինում նշում էր, որ իրենք ոչինչ չեն կարող անել ուշացման համար, այս պահին կրկին նույն իրավիճակն է.

«Նախկինում, երբ զանգահարում և ասում էինք, որ դեղամիջոցի ուշացումը կարող է լուրջ վտանգներ ներկայացնել մեր հարազատի համար,  DHL Express-ից պատասխանում էին, որ ոչինչ չեն կարող անել, քանի որ սահմանները փակ են և փոխադրումներ չեն իրականացվում, իսկ հիմա  դիմում ենք նրանց՝ ասելով, որ օգնեն մեզ, քանի որ իրենց ծառայության ոչ ճշգրիտ կատարման շնորհիվ մեր հարազատի կյանքին վտանգ է սպառնում և մենք կրկին օրեր կկորցնենք՝ սպասելով մեր նոր դեղամիջոցին, ընկերությունը հրաժարվում է փոխհատումից և չի պատրաստվում  պատասխանատվություն կրել: Իհարկե, նաև նյութական կորուստ ենք ունեցել՝ 6400 եվրո  «Նիվոլումաբ» դեղամիջոցի համար և 400 եվրո «շատ արագ» փոխադրման համար»:

Ըստ Արմենի՝  իրենց հիվանդի բուժող բժիշկը կտրականապես մերժել է այդ դեղամիջոցի օգտագործումը՝ ասելով, որ այս պայմաններում տեղափոխման պատճառով այն արդեն ժամկետանց է և նույնիսկ կարող է վնաս հացնել հիվանդին: Ստացվում է՝ ընտանիքի անդամները կանգնել են անելանելի խնդրի առաջ, DHL Express ընկերությունը հրաժարվում է փոխհատուցումից և ոչինչ չի կարողանում պատասխանել:

Հավելենք, որ ավելի վաղ, երբ դեռ փոխադրումը տեղի չէր ունեցել, Asekose.am-ը կապվել էր DHL Express ընկերության հայաստանյան գրասենյակի հետ, սակայն նրանք նշել էին, որ ամբողջ աշխարհում ստեղծված իրավիճակից ելնելով ոչինչ չեն կարող անել:

Asekose.am-ը պատրաստ է հարթակ տրամադրել նաև DHL Express-ին՝ ծագած խնդրի վերաբերյալ տեսակետ ներկայացնելու համար:

Կարդացեք նաև՝  

Կյանքի ու մահվան հարց է, ամեն օրը կարևոր է, իսկ դեղորայք փոխադրող ընկերությունը ժամկետներ չի նշում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին