Այսօր «Ազատություն» TV-ի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ներողություն է խնդրել բոլոր նրանցից, ովքեր անվճար դեղորայք ստանալու իրավունք ունեն, սակայն խնդիրներ են ունեցել դրանք համապատասխան բուժհաստատություններից ստանալու համար: Խոստացել է, որ առաջիկայում հնարավորինս կբացառվեն այդ խնդիրները:
Առողջապահության նախարարը պատասխանելով քաղաքացիների հարցերին ` անդրադարձել է ծնելությանն ու ծննդատներին` նշելով, որ Հայաստանում չբերությունը կազմում է մոտ 17 տոկոս:
«Միջազգային նորմատիվներով 15 տոկոսից ավելիի դեպքում լուրջ անհանգստանալու առիթ կա»,-շեշտել է նախարարը, նշելով, որ ծննդօգնությունը միանշանակ անվճար ապահովելու հարցում ծննդատների նկատմամբ խիստ մոտեցում են ցուցաբերելու:
Կոռուպցիայի մասին խոսելով Դերենիկ Դումանյանն ասել է.
«Մեր համակարգում կոռուպցիա չկա: Այլ բան է, որ չնախատեսված դրամ են վերցնում այս կամ այն ծառայության համար, բայց դա դեռեւս կոռուպցիա չէ »: