ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, ինչպես և բոլոր պատգամավորները, ողջունեց «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի մասին նախագիծը:
Նա նկատում է՝ եթե սահմանամերձ համայնքներ մեկնած պատգամավորները ևս մի քանի օր մնային և լինեին առաջին գծում ու քնեին ապաստախրամատում(բլինդաժում), բացի դպրոցներում անվճար սնունդից, ուսման վարձից, ամուսնության համար փոխհատուցումից լրիվ ուրիշ առաջարկներ կանեին:
«Ծայրահեղությունից ծայրահեղություն չպետք է լինի: Կառավարությունը երբ քննարկի՝ պետք է տեսնի մարտական հերթապահություն կրող մեր զինծառայողները, նրանց ընտանիքները օգտվո՞ւմ են այս հնարավորություններից, որ դրանք ցանկանում ենք սահմանամերձ գյուղերի բնակիչներին տալ: Չի կարելի չէ՞: Այստեղ մեր ախորժակը և մեր ցանկությունները պետք է մի քիչ համադրելի դարձնենք: Դժվար է սահմանապահ ու սահմանամերձ համայնքներն առանձնացնել: Նայած, թե որ զինատեսակից են կրակում.եթե ինքնաձիգով են կրակում, դա մի հեռավորություն է, «ԴՇԿ»-ով, ուրեմն՝ այլ: Նշանակում է, որ դրանք բոլորն էլ սահմանապահ են»,-ասաց պատգամավորը: