Յուրաքանչյուր անգամ, երբ Բարգավաճ Հայաստան խմբակցությունը հանդես է գալիս օրենսդրական առաջարկությունների փաթեթով, նախևառաջ իրականացնում է լուրջ և համապարփակ ուսումնասիրություն:
Հաշվի է առնում դրա սահմանադրության համապատասխանելիությունը, փորձագետների և ոլորտի գիտակների կարծիքները, միջազգային փորձը:
Սա չափազանց կարևոր է, քանզի մենք գիտակցում ենք, որ օրենսդրական ցանկացած փոփոխություն ունենում է հետևանք՝ մի դեպքում վատ, մյուսում՝ լավ:
Ցավալի է, բայց այս դահլիճում ընդունվող օրենքներից շատերը մեր ժողովրդի համար անընդունելի են, որին պարբերաբար ականատես ենք լինում Խորհրդարանի դիմաց կազմակերպվող բողոքի ցույցերից, երթերից և ընդվզման ակցիաներից:
Իսկ իշխանությունների կողմից ժողովրդի արդարացի ընդվզումն ու բողոքի խոսքն անտեսելը հանգեցնում է շղթայական հետևանքի:
Փայքարի, հուսալքության և ի վերջո արտագաղթի:
Ժողովուրդը հոգնել է քաղաքական և տնտեսական իմիտացիաներից, հոգնել է չիրականացվող խոստումներից ու խաբված լինելու փաստից:
Շրջանառության հարկի մասին օրենքում փոփոխությունները ներկայացվում էին իբրև տնտեսական և հարկային լուրջ բարեփոխումներ, սակայն ինչպես տեսնում ենք, բարեփոխում անվան տակ ներկայացվող 3.5 տոկոս շրջանառության հարկը դարձնելով 1տոկոս, փոքր և միջին ձեռներեցների համար ստեղծվեց հարկային ծուղակ:
Փաստաթղթաշրջանառությունը չափազանց բարդացվել է, որից տուժում է տոնավաճառի, փոքրիկ կրպակի և, առհասարակ, ՓՄՁ յուրաքանչյուր ներկայացուցիչ:
Սակայն սրան զուգահեռ, խստացվել են պատժիչ մեխանիզմները:
Երեկ և այսօր ականատեսը դարձանք զայրացած և հուսալքության գրկում հայտնված մեր ժողովրդի բողոքին, ովքեր անելանելի վիճակից բողոքի ցույց էին կազմակերպել Ազգային Ժողովի դիմաց, իսկ այդպիսի ցույցերի մենք ավելի ու ավելի շատ ենք ականատեսը լինում:
Երկիրն անդունդի եզրին է՝
1. Բնակչության շուրջ 1/3-տոկոսը հայտնվել է բանկային և վարկային ճահիճում
2. 40 տոկոսի շեմին մոտեցող աղքատության ցուցանիշը
3. 20 տոկոսի շեմին մոտեցող գործազրկությունը, որի շուրջ 25 տոկոսը մեր երիտասարդներ են
4. Հայաստանի Հանրապետության պետական պարտքը կազմում է 4,5 միլիարդ դոլար և օրեցօր ավելանում է, որի հետևանքները զգալու են գալիք սերունդները:
5. Տնտեսական մենաշնորները և անարդարության մթնոլորտը
Մենք՝ վճռական ենք առաջադրված 12 կետերի իրականացմանը:
Մենք վճռական ենք կասեցնելու վերոնշյալ երևույթները և առաջնորդվելով հասարակության պահանջով՝ սեպտեմբերի 25-ին, մեկնարկած մարզային հանրահավաքները, դրա ապացույցն են, որն իր համաժողովրդական կիզակետին է հասնելու հոկտեմբերի 10-ին՝ ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում:
Մենք պայքարելու ենք ի շահ համընդհանուր նպատակի, հանուն մեր ժողովրդի, հանուն Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու:
Վահե Էնֆիաջյան