▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք լքել ենք դահլիճը և սպասում ենք հստակ պարզաբանման...Վահան Բաբայան

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանն արձագանքել է  ՀՀ ԱԺ աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությանը:

«Հայտնում եմ, որ իմ անունով ցուցանակ ի սկզբանե տեղադրված չի եղել սեղանին և իմ զարմանքից հետո արարողակարգի աշխատակիցները սկզբում հայտնել են, որ էլ տեղ չկա և առաջարկել նստել 2-րդ շարքում, իմ բացասական պատասխանից հետո նոր փորձել են ուրիշի անունը հանելով ինձ հրավիրել սեղանի շուրջ: Տեսնելով, որ նույն վիճակում է հայտնվում Տիգրան Ուրիխանյանը, որը ընդհանրապես ոտքի վրա էր մնացել, մենք լքել ենք դահլիճը և սպասում ենք հստակ պարզաբանման, ոչ թե ակնհայտ ապատեղեկատվություն պարունակող և մեղավորներին թաքցնող կամ արդարացնող հայտարարության պատասխանատուների կողմից, որովհետև խնդիրը ոչ թե ցուցանակների, այլ հատկացված տեղերի բացակայությունն էր:
Հ.Գ.

Ես և իմ գործընկեր պատգամավոր Տ. Ուրիխանյանը զրկվեցինք ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստին մասնակցելու հնարավորությունից այն պարզ պատճառով, որ մեր՝ հանձնաժողովի անդամներիս տեղերը հատկացված չէին, ինչի արդյունքում մեր աշխատանքը չիրականացվեց: Մինչդեռ օրակարգի ամենաէական կետերը ձևավորվել են մեր առաջարկներով և դրանց շրջանակներում անհրաժեշտություն կար լուրջ աշխատանք կատարելու հօգուտ մեր երկրի»-ֆեյսբուքյան էջում գրել է Վահան Բաբայանը, ով ավելի վաղ հայտարարել է, թե չի բացառում, որ միջադեպը կազմակերպված բնույթ է կրել:

 

Հիշեցնենք, որ ի  պատասխան բազմաթիվ հարցումների և որոշ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների,ԱԺ աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը  հայտնել էր հետևյալը. 

«ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստի կազմակերպման ընթացքում պատգամավորներ Վահան Բաբայանի և Տիգրան Ուրիխանյանի համար դահլիճում տեղեր հատկացված են եղել: Սեղաններին եղել են նշված պատգամավորների անվանական ցուցանակները:

Պատգամավորներ Վահան Բաբայանը և Տիգրան Ուրիխանյանը, մոտենալով իրենց համար նախատեսված տեղերին և տեսնելով, որ հեռու են նախագահության սեղանից, արարողակարգի վարչության աշխատակիցներին խնդրել են իրենց նստելու  համար նախատեսված տեղերը մոտեցնել նախագահության սեղանին: Արարողակարգի աշխատակիցները հնարավորության սահմաններում կատարել են որոշակի վերադասավորումներ, որը, սակայն, կրկին չի գոհացրել նշված պատգամավորներին:
Այնուհետև պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը և Վահան Բաբայանը լքել են դահլիճը:

Միաժամանակ հարկ ենք համարում տեղեկացնել, որ դահլիճում որևէ պատգամավորի համար երկրորդ շարքում հատկացված տեղեր չեն եղել:

ՀՀ ԱԺ աշխատակազմը ցավում է վերոգրյալ միջադեպի համար և վստահեցնում, որ այսօրինակ միջոցառումներն այսուհետ ավելի բարձր մակարդակով կկազմակերպվեն»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին