▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենաշնորհված է ոչ միայն Հայաստանի տնտեսությունը

Հայտնի գործարար Վահագն Հովնանյանն օրերս ասել էր, որ օլիգարխներն ամբողջովին իրենց ձեռքն են վերցրել Հայաստանի տնտեսությունը, և եթե իրավիճակը չփոխվի՝ «սա մահ է տնտեսության համար»:
Հովնանյանը հմուտ գործարար է ու, եթե նման պատասխանատու հայտարարություն է անում, ուրեմն՝ դրա համար ունի բավարար հիմքեր, մանավանդ որ՝ արևմտյան արժեհամակարգի կրող է ու խոսքի արժեքը լավագույնս գնահատում է:
Ի դեպ, այս գործարարը նաև կենցաղով ու շարժուձևով է տարբեր մեր մեծահարուստներից: Օրինակ, եթե մեր օլիգարխներից մեկը այցելի որևէ խանութ՝ անհարմարություն կզգան այդ խանութի մյուս բոլոր հաճախորդները՝ խցանումներ, հրմշտոց եւ այլն:
Մի անգամ, մեկ ժամ շարունակ այս գործարարի հետ շրջել եմ Փակ շուկայի տարածքում. նրան չէր ուղեկցում ոչ մի թիկնապահ: Հովնանյանը շատ համեստ էր հագնված ու չէր տարբերվում մյուս հաճախորդներից ու, երբ նրան ճանապարհեցի, ծանոթներիցս մեկը հետաքրքրվեց, թե ո՞վ էր էս ախպարը: Զարմացավ՝ ազգանունը լսելով:
Սակայն գամ բուն ասելիքին:
Տնտեսությանը տված Հովնանյանի գնահատականը միանգամայն ճիշտ է ու տեղին, սակայն տնտեսության օլիգարխացումն ու մահը հետևանք են ու հաջորդում են քաղաքականության մոնոպոլացմանն ու վերացմանը:
Ազատ մրցակցության գաղափարը թաղվում է ամեն հաջորդ կեղծված ընտրությունից հետո, երբ քաղաքացին դադարում է գործոն լինելուց, իսկ փակ համակարգը՝ զուրկ հանրային վերահսկողությունից, տիրապետում է ողջ քաղաքական ու տնտեսական պոտենցիալին՝ մենաշնորհելով ամեն բան ու հպատակեցնելով քաղաքացուն, որն ընդամենը դառնում է արատավոր համակարգի պատանդը:

 

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին