▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեծ քաղաքականության կրկնակի ստանդարտները

Փետրվարի յոթին Մյունխենում կայացած անվտանգության խնդիրներին նվիրված հիսունմեկերորդ խորհրդաժողովին Եվրապառլամենտը ներկայացնող Էլմար Բրոքը (Գերմանիա)Ռուսաստան- Ուկրաինա-Ղրիմ կոնտեքստում՝ փորձելով նեղը դնել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին, հարց ուղղեց նրան, մասնավորապես նշելով, որ Եվրոպան այնպիսի քաղաքական կայուն մեխանիզմներ է մշակել, որոնք ապահովում են պետությունների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ <<Ուկրաինական հակամարտության մեջ Ռուսաստանը հակամարտության կողմ է, իսկ ճշմարտությունն այն է, որ ուկրինացիների մեծամասնությունն իր ընտրությունը կատարել է ի օգուտ եվրոպական ինտեգրացման>> դահլիճում հնչող՝ Լավրովի համար ակնհայտորեն ոչ հաճելի ծափերի ու ծիծաղի ներքո ավարտեց իր հարցը Եվրապառլամենտի պատգամավորը։
Դիվանագիտական սառնասրտությամբ՝ ծիծաղը դիտելով որպես կյանքը երկարացնելու միջոց, Լավրովը մասնագիտական-բացատրական էքսկուրս կատարեց դեպի Հելսինկիի կոնվենցիան, ՄԱԿ-ի կանոնադրությունն ու Գլխավոր ասամբլեայի հռչակագիրը, համոզված հայտարարելով, որ յուրաքանչյուր ժողովուրդ իր ապագան որոշելու իրավունք ունի։ Ազգերի ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունքի առանցքային արժեքներից է, իսկ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պարտավոր են հարգել և հաշվի նստել ինքնորոշման սկզբունքի հետ, անվրդով հաստատեց Ռուսաստանի արտգործնախարարը՝ ներկայացնելով ՄԱԿ- ի գլխավոր ասամբլեայի հռչակագրով նախատեսված միջազգային իրավունքի սկզբունքներն փոխհարաբերությունները։ <<Ուկրաինայում տեղի է ունեցել այն, ինչ նախատեսված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ՝ ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄ։ Այն երկրները, որոնք ձգտում են, որպեսզի հարգվի իրենց ինքնիշխանությունը, պարտավոր են հարգել տվյալ երկրում բնակվող ժողովուրդների իրավունքները և կոպիտ ուժով չխոչընդոտել ինքնորոշվող ժողովրդի պատմությամբ ամրագրված իրավունքը>>, հատկապես ընդգծեց Ռուսաստանի արտգործնախարարը, հավելելով նաև ինքնորոշումը ամրագրած Ղրիմի հանրաքվեն։ 
Արցախի ինքնորոշման համատեքստում բացարձակ շահեկան, միջազգային իրավունքով ամրագրված դիրքորոշում։ Ավելի լավ ձևակերպումներ դժվար է ակնկալել, բայց այդ դեպքում ինչու՞ այն Ռուսաստանի կողմից կիրառելի չէ Արցախի ճանաչման գործընթացում։ Մի՞թե Արցախի երկու հանրաքվեները՝ ժողովրդի կամքն ու պատմությամբ ամրագրված իրավունքը մի աշխարհագրության վրա աշխատում է, մեկ այլում ոչ։
Նույնքան տարակուսելի է Եվրոպացիների միատեսությունը՝ Կոսովոյի պարագայում, այն էլ առանց հանրաքվեի, կարելի է ճանաչել նրա ինքնիշխանությունն ու անկախությունը, իսկ Արցախի հարցում վերապահություններ ունենալ։ 
Ու՞մ են պետք կրկնակի ստանդարտները, ում շահերն են դրանք սպասարկում ու սնում… անհանգիստ ու անկայուն աշխարհ, բևեռացում, անդառնալի մարդկային կորուստներ, հյուծիչ, հեղինակազրկվող միջազգային կառույցներ, անպտուղ առաքելություններ…

 

Լիլիթ Գալստյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին