▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայրական սխրանքը, ցավոք, ավարտվեց ողբերգությամբ.Արմեն Մուրադյան.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Դեռ չէր մարել հուլիսի 27-ին հղի Մերի Մարգարյանի մահվան դեպքի շուրջ բարձրացված աղմուկը, լսվեց մայրական մահացության հերթական բոթը: Օգոստոսի 4-ին 23-ամյա հղի Ջուլիետա Գասպարյանը մահացավ, ով ծանր վիճակում Գյումրիից տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն, ապա հուլիսի 29-ին «Էրեբունի» ԲԿ, որտեղ էլ մահացել էր:

Ինչի՞ հետեւանք են վերջին ողբերգական դեպքերը, եւ արդյոք արդար քննություն կլինի՞ ու մեղավորները կպատժվե՞ն: Թեմայի շուրջ երեկ զրուցեցինք առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ: Նշենք, որ սա այս տարվա մայրական մահացության հինգերորդ դեպքն է:

«23-ամյա կնոջ մասին է խոսքը՝ 25 շաբաթական հղիությամբ, որը ունեցել է սրտի լուրջ խնդիրներ եւ իրեն հակացուցված է եղել հղիությունը: Մեզ հասած տեղեկություններով՝ հարազատները պնդում են, որ ինքը քաջատեղյակ է եղել այդ հարցերից, որ հղիությունը զուգակցվում է կյանքի բարձր ռիսկերի հետ, եւ չնայած դրան… մայրական սխրանքը, ցավոք, ավարտվեց ողբերգությամբ»,- ասաց նախարարը:

Մեր հարցին՝ եթե ժամանակին բժիշկները համապատասխան միջոցառումներ ձեռնարկեին, արդյո՞ք չէր հաջողվի փրկել կնոջ կյանքը, առավել եւս, որ նա ի սկզբանե ռիսկային վիճակում է եղել, Մուրադյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր կնոջ իրավունքն է հղիության իրավունքը, եթե խոսենք վերարտադրողական տարիքի կանանց մասին, եթե նա քաջատեղյակ է այդ ռիսկերի մասին եւ որոշում է կայացնում, որեւէ մեկը չի կարող այդ գործընթացին խառնվել: Ըստ հարազատների՝ այդ հարցը քննարկվել է, նա վաղուց տառապում է սրտի հիվանդություններով, եւ ըստ մեր բժիշկների՝ սրտային անբավարարության ծանր վիճակի էր հասել, եւ ցավոք սրտի, չհաջողվեց եւ հղիությունը շարունակել, եւ առավել եւս կյանքը փրկել: Վիճակը վատանալուն պես կեսարյան հատում են ձեռնարկել եւ կարողացել են կազմակերպել այդ ամենը, չնայած ժամանակին համապատասխան բուժօգնությանը՝ կյանքը փրկել չի հաջողվել»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ նման դեպքը զգուշացում պիտի լինի այն կանանց համար, ովքեր ունեն նման խնդիրներ ու տեղեկացված լինելով՝ դիմում են ռիսկերի, եւ այդ շեմը ոմանց չի հաջողվում հաղթահարել:

«Որեւիցե միջոցառում նախատեսված չէ, որ կնոջը արգելեն հղիանալ, այլ հարց է, որ նա իրազեկված եւ տեղեկացված չէ ռիսկերի մասին եւ նման որոշում է կայացրել»,- նշեց առողջապահության նախարարը՝ հավելելով, որ ի սկզբանե հակացուցված է եղել հղիությունը: Այսինքն՝ ի՞նչ է ենթադրում սա, չե՞ն պատժվելու բժիշկները: «Բողոքն ու մահվան դեպքը դեռ չեն նշանակում բժշկի մեղք, ինչպես նաեւ բողոքի բացակայությունը եւ գոհունակությունը դեռ չեն նշանակում որակյալ բուժօգնություն: Սա միանշանակ մոտեցում է այսօր, եւ մենք փորձում ենք այս մոտեցումը իրավական տեխնիկայի միջոցով, չափագրման հնարավորության միջոցով հաշվառելի անել»,- պատասխանեց առողջապահության նախարարը:

Կարո՞ղ եք վստահեցնել, որ եւ՛ Մերի Մարգարյանի, եւ՛ Ջուլիետա Գասպարյանի մահվան պատճառներն ամբողջությամբ կբացահայտվեն եւ մեղավորները կպատժվեն՝ հարցրեցինք նախարարին: «Եթե մեղավորներ կան, եթե մեղքի բաժինը հաստատվի, ես համոզված եմ, որ իրավապահ մարմինները կանեն ամենը, որ օրենքի ամբողջ խստությամբ պատժվեն մեղավորները: Ամբողջ խնդիրն այն է, որ պետք չի միանշանակ գնահատել, որ պետք է անպայման լինեն մեղավորներ, ես կարծում եմ, որ քննարկումները հուզական դաշտից դուրս պետք է լինեն, ու պետք է լինեն վերլուծություններ, փորձաքննություններ, որոնք թույլ կտան հստակեցնել: Քննչական մարմինների աշխատանքն է, եւ մենք չենք կարող խառնվել այսօր»,- մանրամասնեց Մուրադյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին