Մարտունիում եկեղեցու հարևանությամբ տեղի ունեցած պայթյունից տուժած քահանայի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են Մարտունու բժշկական կենտրոնից։
Հոգևորականը վնասվածքներ է ստացել ստորին և վերին վերջույթների, ինչպես նաև դեմքի շրջանում։ Մարտունու բուժկենտրոնում նրան առաջին օգնություն է ցուցաբերվել, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԲԿ-ում այրվածքաբան չկա, նեղ մասնագիտական օգնության համար նրան տեղափոխել են Երևան՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։
***
Այսօր՝ փետրվարի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում պայթյուն է տեղի ունեցել և կա տուժած։
Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել եկեղեցուն կից հովվատանը, վնասվել է հովվատան մուտքի դուռը, լուսամուտի ապակին, իսկ պայթյունի հետևանքով եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։