a1plus.am-ը գրում է.ԱԺ-ում այսօր մոտ քսան րոպե չէր դադարում ծիծաղը: Հաջորդ տարվա բյուջեի քննարկմանն առավել ակտիվ էին ՕԵԿ պատգամավորները: Երբ հաջորդ տարվա բյուջետային հատկացումները սկսեց ներկայացնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հետաքրքրվեց. «Ինձ, անկեղծ ասած, միշտ մի հարց է մտահոգել, ՀԾԿՀ աշխատողների աշխատավարձի չափի մեջ մտնո՞ւմ է նրանց կողմից սահմանված սակագների (գազ, էլէկետրաէներգիա, ջուր-խմբ) բարձրացման չափը»:
ՀԾԿՀ նախագահը ներկա չէր քննարկմանը՝ գործուղման էր, եւ նրա փոխարեն պատասխանեց խորհրդի անդամ Արթուր Վարդանյանը` նախ ասելով, որ հաջորդ տարի իրենց հատկացվել է 742 մլն դրամ, որը 8 տոկոսով ավելի է: Ինչ վերաբերում է պատգամավորի հարցին, նա մեխանիկորեն պատասխանեց՝ այո:
Նրանց հարցուպատասխանին համբերատար հետեւող ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը չդիմացավ եւ միջամտեց. «Պարոն Վարդանյան, ինչպես թե այո: Եթե սակագնի բարձրացում է լինում, ուրեմն ձեր աշխատավարձը բարձրանո՞ւմ է: Նշանակում է՝ դրա համա՞ր եք սակագին բարձրացնում: Պատգամավորը հարցնում է դա, դուք ասում եք՝ այո»: «Ես չեմ ասում՝ այո»,- նորից մեխանիկորեն պատասխանեց ՀԾԿՀ ներկայացուցիչը: ԱԺ դահլիճը պայթեց ծիծաղից:
Հովհաննես Մարգարյանը հայտարարեց, որ ինքը բավարարված է պատասխանից. «Շատ անկեղծ պատասխան էր»:
«Անկեղծ ու ճիշտ պատասխանների մեջ էական տարբերություններ կան, պարոն Մարգարյան: Երեւի հարցերը ծուռումուռ տվեցիք, մարդն այդպես պատասխանեց, ես հիմա պարզաբանեմ: Որեւէ ուղղակի կամ անուղղակի կապ չի կարող լինել սակագնի ու աշխատավարձերի միջեւ: Ուրեմն, եթե սակագինը հինգ անգամ իջավ, ՀԾԿՀ աշխատակիցները սովա՞ծ են մնալու: Դա նույնն էր, թե գնաս ԶԱԳՍ դիմում տաս, դրա համար նրա աշխատավարձը բարձրացնեն»,- այնուհետեւ, պարոն Այվազյանը, կրկին դիմելով Հովհաննես Մարգարյանին, փորձեց մեղմել իրավիճակը. «Պարոն Մարգարյան, ձեզ հետ ես շատ մտերիմ եմ ու, ի դեպ, ձեր գետնախնձորների հարցն էլ օրակարգ է մտել, ու քննարկելու ենք»:
Այս հայտարարությունը եւս առաջացրեց բոլորի ծիծաղը: Ի դեպ, ՕԵԿ-ը շրջանառության մեջ էր դրել «Գետնախնձորի մասին» նախագիծ, որով գետնախնձորի սերմի ներկրումը ազատված կլինի հարկերից, քանի որ, ըստ ՕԵԿ պատգամավորների, այն մեծ հումք է շաքարախտի եւ այլ հիվանդություններ դեմ պայքարում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում