▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանրամասներ ժամացույցների խանութների ցանցի սեփականատիրոջ ինքնասպանությունից. «Հրապարակ»

«Էյֆֆել» անունը կրող ժամացույցների խանութների ցանցի սեփականատեր Գեորգի Մկրտչյանի ինքնասպանությունը հարցականներ է առաջացրել նրա ընտանիքի անդամների, հարազատների, ընկերների մոտ։ Մեզ հասած տեղեկություններով՝ հարազատները վստահ են, որ Գեորգին հենց այնպես նման քայլի չէր դիմի, առավել ևս՝ նման գրություն չէր թողնի, ինչ է նշանակում՝ «ինձ ու ոչ ոքի չմեղադրել»։ Մտերիմները մասնավոր զրույցներում նշում են, որ վերջին շրջանում Գեորգի Մկրտչյանը շատ մտահոգ տեսք ուներ։ Գուցե պատճառը հարկային տուգանքն էր՝ մոտ 40 մլն դրամի չափով, նրան պատկանող «Յուսկ» կահույքի խանութի համար, որի սեփականատերերից են նաև Ռուսաստանում հայտնի երկու հայ մեծահարուստներ։ Երեք սեփականատերերն այս տուգանքի հարցը վիճարկում են դատարանում, այժմ դատաքննություն է ընթանում։ 

 

Սակայն մտերիմները վստահ են, որ 40 մլն դրամը Գեորգի Մկրտչյանի համար մեծ գումար չէր, որի պատճառով նա նման քայլի դիմեր։ Այս տուգանքի համար նրա դեմ նաև քրեական գործ է հարուցված եղել։ Մտերիմները նաև նշում են, որ գործարարը որևէ թշնամի չուներ, այն, ինչի հասել էր, վաստակել էր իր աշխատանքով։ Նրանք հակված են մտածել, որ սեփականատիրոջ վրա ճնշումներ են եղել, բիզնեսը խլելու փորձեր, ինչի պատճառով էլ նա նման քայլի է դիմել։ Ասում են նաև, որ գործարարը տևական ժամանակ բանակցությունների մեջ է եղել օլիգարխներից մեկի հետ՝ «Էյֆֆել» խանութների ցանցը վաճառելու շուրջ, սակայն մոտ 1 մլն դոլարանոց գործարքն այդպես էլ չի կայացել, կողմերը վերջնական համաձայնության չեն եկել, քանի որ գործարքը խիստ ոչ շահեկան է եղել Մկրտչյանի համար։ Նրանք առայժմ չեն բարձրաձայնում օլիգարխի անունը»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին