«Ինչպե՞ս է լինում, որ ինչքան պակասում է ՀՀ ժողովրդի թիվը, այնքան մեծանում է ընտրողների քանակը: Ո՞նց բացատրել, որ ինչքան որևէ մարզից շատ են արտագաղթել, այդտեղ ընտրողներն ավելի շատ են»,-հարցն ուղղելով ՀՀԿ-ին` ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:
Նրա համոզմամբ առկա թերությունները միայն ընտրական համակարգով չէ, որ պայմանավորված են:
«Այսօր մոնստրներ կան.կուսակցություններ են բացվում ու փակվում, որովհետև այսօր պետությունը չի ապահովում կուսակցությունների բնականոն զարգացումն ու կայացումը»,-նշեց պատգամավորը:
«Վստահ եմ, երբ բումերանգը գա, խփի ձեր երեխաներին, նրանք կասեն, թե այս ի՞նչ ծնողներ ենք ունեցել, որ իշխանությունը պահելու համար չեն թողել, որ քաղաքական համակարգը կայանա: Մեկn իր վազքը սկսում է 33 մետրից, մյուսը՝ 0-ից: Բնականաբարն առաջինն ինչքան էլ կաղ լինի, մտավոր թերուս, ավելի շուտ կհասնի վերջնագծին: Կամ, շախմատի լեզվով ասենք. սկսում եք խաղը՝ խաղատախտակի վրայից գողանալով թագուհուն: Իհարկե, կհաղթեք: Հետո էլ ասում եք՝ ժողովրդավարության ենք գնում: Լավ չեք անում, անկեղծ չեք, փրփուրներից եք բռնվում ու ասում՝ եկեք գնանք սահմանադրական փոփոխության»,-նկատեց Ռուբեն Հակոբյանը:
Պատգամավորն, ապա հիշեց գրողներից մեկի պատմությունն այն մասին, թե ինչպես լեռնային շրջանում ապրողը գնում է արևադարձային բույս բերելու:
«Ասում են՝ կտանք, բայց ձեր մոտ չի աճի, դուք չեք կարող մանդարին ունենալ: Կարծես թե հասկանում է, հետո ասում է, թե բա գնամ քեռու կնոջն ի՞նչ ասեմ, ինքը էդ բանն ա ուզել: Հիմա ձերն է՝ բացատրում ենք, որ ընտրական օրենսգիրքը Սահմանադրության հետ կապ չունի, ասում եք՝ բա գնանք քեռու կնոջն ի՞նչ ասենք: Գնացեք ասեք, որ սա Սահմանադրությա հետ կապ չունի»,-եզափակեց պատգամավորը: