▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մամիկոն պապի պատմությունը` տեղեկատվական պատերազմի տեսանկյունից

Բլոգեր Անի Մարգարյանն իր բլոգում՝ animargaryan.org-ում գրում է.

Հոկտեմբերի 28-ին ադրբեջանական xezerxeber.az լրատվակայքի փոխանցմամբ՝ ոմն հայ անցել է սահմանը Տավուշի մարզից, հասել ադրբեջանական Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ առանց նախնական տեղեկությունը ստուգելու, շտապեց հայտնել, որ հայ սահմանախախտը հայկական դիվերսիոն խմբի ուղեկցորդն է, որը ճանապարհ էր ցույց տալիս դեպի ադրբեջանական դիրքեր: Ընդ որում, արդեն ադրբեջանական աղբյուրները գրում էին՝ սահմանախախտը քաղաքացիական հագուստով է, և 65 տարեկան:

ՀՀ ՊՆ-ն րոպեներ անց հերքեց այս տեղեկությունը, ապա նույն օրն էլ հայտնի դարձավ սահմանախախտի ողջ կենսագրականը՝ 77-ամյա Մամիկոն Խոջոյան, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուրից, հոգեկան խանգարումներ ունի, կորցրել է որդիներից մեկին, թոռներին, կնոջը, այդ օրը դուրս էր եկել մոշ թե խաղող հավաքելու: 

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում էր պնդել…

Եվ ահա ադրբեջանական մամուլը, հիմք ընդունելով ՊՆ-ի հաղորդագրությունը, իսկույն Մամիկոն պապին որակեց «հայկական դիվերսանտ», և ադրբեջանական լրատվամիջոցներում տասնյակ հոդվածներ լույս ընծայվեցին այս որակավորմամբ: Եվ որևէ մեկի մտքով չանցավ՝ այդ տարիքի ի՞նչ դիվերսանտ:

Հաջորդ օրն արդեն ադրբեջանական մամուլում հայտնվեցին Մամիկոն պապի լուսանկարներն ու տեսագրությունը. ամեն ինչ ավելի քան պարզ էր, մարդն իրոք ունի հոգեկան խանգարումներ, միամիտ կերպով անցել է սահմանը: Սակայն ադրբեջանական իշխանամետ մամուլը շարունակում էր քարոզել Ադրբեջանի ՊՆ-ի վարկածը՝ հայ դիվերսանտ են բռնել:

Այնուհանդերձ, ադրբեջանական որոշ լրատվակայքեր դիվերսանտ բառը գրում էին չակերտներով, մյուս մասն էլ արդեն գրում էր՝ «հայ գերի» կամ «հայ սահմանախախտ»: Թմբիրից սթափվում էին:

Ավելի հետաքրքիր էր ադրբեջանցիների արձագանքը սոցցանցերում: Դատելով ադրբեջանցի՝ որոշակի վարկանիշ ունեցող լրագրողների, հասարակական ակտիվ անձանց գրառումներից՝ հեգնում էին Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, կոչ անում դադարել խաբել ժողովրդին՝ ինչպես կարող է նման դեմքի արտահայտությամբ ու հագուկապով, նման բաներ ասող մարդը լինել դիվերսանտ: 

 Հատկապես ուշագրավ էր ադրբեջանցիների պատրաստած նկարը, որտեղ Մամիկոն պապն էր, հեգնում են ոչ թե պապին, այլ Ադրբեջանի ՊՆ-ին. Մեծ տարածում գտած նկարում Մամիկոն պապը «հայկական  տերմինատոր» անվան ներքո է, աչքերը՝ որպես գիշերային տեսողության սարքերով 241 մեգապիքսելանոց տեսախցիկներ, ժիլետը՝ հատուկ պաշտպանության շերտպարունակող զրահաբաճկոն, տաբատը անհրաժեշտությանդեպքում կարող է ապահովել մինչև 220 կմ/ժ արագություն, իսկհողաթափերն էլ օժտված են հակատանկային ականներից պաշտպանությամբ.

 

 

 

 

 

 

 

 

Ադրբեջանի ՊՆ-ին ջախջախիչ հարված հասցրեց Musavat-ի մեդիա ռեսուրսներից մեկը՝ minval.az-ը: Մեջբերում եմ հոդվածի առանցքային միտքը:

Փետրվարի 1-ի դրությամբ Ադրբեջանում գրեթե մարդ չմնաց, որ հավատար՝ Մամիկոն պապը դիվերսանտ է:

Եվ այս  մթնոլորտում միայն haqqin.az-ն էր շարունակում պնդել՝ դիվերսանտ է  ու վերջ...

Ինչի հասավ Ադրբեջանը նման քարոզչությամբ, ավելի շուտ՝ Ադրբեջանի ՊՆ-ն

Հերթական անգամ անվստահություն առաջ բերեց սեփական գործունեության նկատմամբ. այդ մասին են վկայում թե՛ սոցցանցային մեկնաբանությունները (եթե լինեին 1-2 հատ, բնականաբար չէի պնդի), թե՛ հոդվածները, թե՛ խմբագրական հոդվածները: Ընդ որում, անվստահություն կա և՛ մամուլի, և՛ հասարակ ընթերցողների մոտ:

Հայկական մամուլը, ինչպես նաև որոշ ադրբեջանական լրատվամիջոցներ բազմիցս նշում էին՝ Ադրբեջանի ՊՆ-ն կոծկում է այս, կոծկում է այն, ապատեղեկատվություն է տալիս (հիշենք թեկուզ հունվարի 19-ին հետևած իրադարձությունները), բայց հազվադեպ է լինում, երբ ունենում ենք հստակ անհերքելի փաստեր: Մամիկոն Խոջոյանի միջադեպի մեկբանությունը լավ խաղաքարտ է, երբ հարկ լինի ինչ-որ պարագայում ցույց տալ, որ Ադրբեջանի ՊՆ-ն կեղծում և ստում է:

Ադրբեջանական քարոզչական ցույց տվեց իր թույլ կողմերը: Հայ ընթերցողների մի խումբ կա, որ խորը համոզմունք ունի՝ Ադրբեջանը հաղթող է տեղեկատվական պատերազմում, իսկ երբ հարցնում ես ինչու՞, պատասխանը՝ իրենք միշտ նախահարձակ են լինում: Ահա Մամիկոն պապի միջադեպը վառ ապացույցն է՝  միշտ չէ, որ նախահարձակ լինելը գերգերազանց արդյունք է ապահովում, ընդհակառակը՝ չմտածված և իրականությունից խիստ կտրված քարոզչությունը ավելի շատ վնասում է գործին:

Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա մենք ինչ որ հարկն էր, արեցինք՝ ՀՀ ՊՆ հերքում, գյուղապետից հարցազրույց, Կարմիր խաչից մեկնաբանություն: Ադրբեջանցիներին էլ այս դեպքում բացարձակ միջամտել պետք չէ, թող իրար մեջ պարզեն, թե ինչու է Ադրբեջանի ՊՆ-ն սեփական քաղաքացիներին հիմարի տեղ դնում:

Մենք մեր դիրքերը տեղեկատվական պատերազմում ավելի ամուր կպահենք այս հարցում, եթե չտարածենք ադրբեջանցիների ներկայացրած տեղագրությունը, որտեղ Մամիկոն պապն է խոսում:

Հ.Գ. Ներողություն եմ խնդրում, եթե նկարների հրապարակմամբ ինչ-որ կերպ վիրավորել եմ Մամիկոն պապի հարազատներին, նպատակս քարոզչական տեսանկյունից իրավիճակը ներկայացնելն էր: Ցանկանում եմ, որ Մամիկոն պապը հնարավորինս շուտ տուն  վերադառնա:

Աղբյուրը՝  animargaryan.org

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին