▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մալաթիա-Սեբաստիայի բաժնի պետը ձերբակալվեց.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից քննվող գործի շրջանակներում ձերբակալվել է քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետը: Պարզեցինք, որ վերջինիս ձերբակալումը կապված է «Օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության» գիտական կենտրոնի աշխատակցի հետ տեղի ունեցած միջադեպի գործով: Հիշեցնենք, որ գիտական կենտրոնի աշխատակիցը ՀՀ ոստիկանության կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ 2014 թվականի մարտի 21-ին` ժամը 12:00-ի սահմաններում, հիշյալ գիտական կենտրոնի բակային հատվածում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորը վիճաբանել են, որի ընթացքում ուղեւորը ձեռքով հարվածել է իրեն, իսկ վարորդը գազային ատրճանակով կրակել է իր դեմքին: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ քննվել ոստիկանության քննչական գլխավոր վարչության կենտրոնականի քննչական բաժնում: Հետագայում` 2014 թվականի հուլիսին, որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու եւ քրեական հետապնդում չիրականացնելու մասին` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Ամիսներ անց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրամանով քրեական գործով կայացված որոշումը վերացվել է եւ ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ օբյեկտիվ քննություն իրականացնելու հիմնավորմամբ:

Հիշեցենեք, որ ՀՔԾ-ի կողմից քննության արդյունքում, մինչ քննչական պետի ձերբակալումը, եւս մեկ անձ էր կալանավորվել: Իրավիճակի շուրջ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի հետ, ով հաստատեց քննչականի պետի ձերբակալությունը: «Այո՛, ՀՔԾ-ի վարույթում քննվող քրեական գործով Մալաթիայի քննչական բաժնի պետը ձերբակալվել է նախկինում՝ 2014 թվականին, չարաշահումներ կատարելու կասկածանքով: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով ժամանակավորապես կասեցվել է նրա լիազորությունների իրականացումը: Անմեղության կանխավարկածը եւ քննության գաղտնիությունը հաշվի առնելով՝ այլ մանրամասներ հրապարակել չեմ կարող»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին