▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լրագրողի ԲԱՑ ՆԱՄԱԿԸ . ՀԱՅՐՍ ՄԱՀԱՑԱՎ սրտի անբավարարությունից, իսկ բժիշկները ՄԵԾ ՇԱՀՈՒՅԹ ստացան

Բաց Նամակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին.

Այսօր լրանում է իմ հոր մահվան 10-րդ օրը: Այս օրերին, մինչ մասնագետները նշում էին սրտի համաշխարհային օրը՝մեր ընտանիքը սգում էր սրտի անբավարարության պատճառով հորս մահը, որից բժիշկները մեծ շահույթ ստացան:

Պատմություն

Մենք ապրում ենք Աշտարակում: Հորս՝ Կարապետ Քեշիշյանի, առողջական վիճակը կտրուկ վատանում է սեպտեմբերի 23-ին՝ կիրակի ցերեկը: Շտապ օգնությունը հասցնում է հիվանդանոց, որտեղ բժիշկներին հաջողվում է վերակենդանացնել մի քանի րոպե մահացած հորս: Այնուհետեւ մայրաքաղաքից հրավիրում ենք Ռեանիմոբիլ ,որի բժիշկը վիճակը գնահատում է ծայրահեղ ծանր,ապրելու հավանականությունը` 0 տոկոս:

Աշտարակի հիվանդանոցում անհրաժեշտ սարքավորումներ չկային, ու այդտեղ երկար մնալը դատավճիռ կարող էր լինել: Ստորագրությամբ համաձայնում ենք տեղափոխել Երեվան: Հիվանդին համաձայնում է ընդունել «Քանկոր» բժշկական կենտրոնը: Դա շոկի մեջ գտնվող հարազատներիս ուրախացնում է, հուսադրում, իսկ շտապօգնության բժշկին ապշեցնում. սրտաբանի հետ հեռախոսազրույցում նա մի քանի անգամ հարցնում է` իրո՞ք պատրաստ են ընդունել նման ծայրահեղ վիճակում գտնվող հիվանդի: Ստանալով դրական պատասխան՝ երջանիկ պատահականությամբ հասնում ենք հիվանդանոց: Բժիշկներն ախտորոշում են սուր ինֆարկտ: Ելքը՝ տեղադրել երեք ստենտ: Առաջարկում են տեղադրել ծածկույթովը: Դա թեպետ թանկարժեք է, բայց 10-15 տարվա երաշխիք ունի: Վստահելով բժշկի խոսքերին՝ միանշանակորեն համաձայնում ենք ու ստորագրում պայմանագիրը, որն այդ պահին այնքան էլ կարեւոր չէր թվում: Մեզ համար առաջնայինը բժշկի հետ հուսադրող զրույցն էր, որի ընթացքում ոչ մի անգամ չզգուշացվեց բարձր ռիսկի մասին: Արդյունքում վճարեցինք ընդհանուր 3.746.000 դրամ:

Հաջորդ օրը հայրս գիտակցության չի գալիս. չի ընկալում որտեղ է գտնվում, խառնում է ժամանակագրությունը, հազիվ է ճանաչում հարազատներին: Բժիշկները մեզ համոզում էին, որ դա 90 տոկոսով անցողիկ է, իսկ ֆիզիկական վիճակը` կայուն:

Հիվանդի առողջական վիճակը կեսգիշերին սկսում է կտրուկ վատանալ: Առավոտյան՝ մոտ 6-ին, բժիշկը հիվանդանոցում գտնվող հարազատներիս հավաստիացնում է, թե ամեն ինչ նորմալ է եվ ուղարկում է տուն: Դրանից հետո նորից վատանում է հորս վիճակը, եւ սրտաբանը, առանց մեր համաձայնության, ըստ իրեն` հորս փրկելու միտումով հավաստիացնում է,թե տեղադրել է 4-րդ ստենտը, սակայն, առավոտյան 7:45, հայրս մահանում է:

Բանավոր զրույցի ընթացքում ստենտավորող բժիշկը, հետո նաեւ բուժկենտրոնի տնօրեն Շահեն Խաչատրյանը դա որակեցին աբսուրդային երեւույթ ու բացատրեցին գերբնական ուժերի ակտիվ ներգործությամբ:

Սա 21-րդ դարն է՝ տեխնոլոգիայի ու մասնագիտական բարձր պատրաստվածության ժամանակաշրջան: Մենք հիվանդանոց տարել էինք հենց այդ նկատառումները հաշվի առնելով: Եթե առաջնորդվելու լինեինք «Քանկոր» բժշկական կենտրոնի տնօրենի տրամաբանությամբ ու եզրակացությամբ,ապա պետք է տանեինք եկեղեցի եւ բոլորով սկսեինք աղոթել կամ էլ խոշոր եղջերավորների զոհեր մատուցել երկնքի բնակիչներին, միգուցե էդ դեպքում, ի վերջո, հեռանային, հանգիստ թողնեին գերբնական ուժերը:

Խնդիր

Սգո արարողություններից հետո՝ ծանոթանալով պայմանագրին (մինչ հորս մահը մեզ չէին հետաքրքրում պայմանագրի նրբերանգները, քանի որ բժիշկների հետ զրույցում քննարկման թեմա է եղել ոչ թե այն` ստենտավորե՞լ թե ոչ, այլ այն, թե ինչ որակի ու գնի ստենտ տեղադրել, եւ մեզ այդ պահին նույնիսկ չի թվացել, թե կարող է մահվան ելքով ավարտ լինել), մենք նկատեցինք, որ պայմանագրում ոչ մի դրույթ նախատեսված չէ նման ելքով վիրահատությունների դեպքերի առնչությամբ:

Պայմանագրի 1.3 կետի համաձայն «բուժծառայությունները համարվում են մատուցված,եթե դրանք փաստացի կատարվել են եւ բավարարում են բժշկական ցուցումներին` անկախ դրանց առողջական արդյունքներից»:

Այսինքն, կոպիտ ասած, նրանք միայն ստենտ տեղադրելու տերն են, ոչ թե մարդու առողջության երաշխավորը: Մենք դեղատնից ստենտ չէինք գնել, այլ վճարել էինք կյանքի, առողջության համար: Ստենտն ընդամենը միջոց էր դա ապահովելու համար:

Պայմանագրի հավելվածում նշված է, որ կատարվել է երկու ստենտների իմպլանտացիա: Այնինչ մեզ հավաստիացրել են, որ տեղադրել են երեքը (երկուսը` ծածկույթով) եւ մենք վճարել ենք դրան համապատասխան գումար: Ինչպես նաեւ, վերջնահաշվարկում Շահեն Խաչատրյանը ներառում է նաեվ վերջին րոպեներին առանց մեր համաձայնության տեղադրված ստենտը: Արդյունքում ընդհանուր գումարը կազմում է 4.300.000 դրամ:

Պայմանագրի 6-րդ կետի «Այլ Պայմաններ» ենթաբաժնում նշված են այն լիազորությունները, որն ունի հիվանդը` ստենտավորելուց հետո:

Մենք դիմեցինք կենտրոնի ղեկավարությանը առ այն, որ գումարի որոշակի մասը հետ վերադարձվի՝ հիմնվելով Նորք Մարաշ սիրտ- անոթային հիվանդանոցում գործող կանոնակարգի վրա, ըստ որի՝ նման դեպքերում ետ են վերադարձնում գումարի 30 տոկոսը:

Բանավոր զրույցի ընթացքում Շահեն Խաչատրյանն ասում է, թե պայմանագրում նշված է, որ մահվան դեպքում ոչ մի դրամ ենթակա չէ վերադարձման: Նախ՝ պայմանագրի մեզ տված օրինակում նման տող ու ակնարկ չկա: Թերեվս միայն 1.3 կետը, որը էլի չի կարգավորում ֆինանսական հարցերը: Եվ ընդհանրապես, պայմանագրով նախատեսված չէ, թե մահվան ելքով վիրահատությունից հետո բուժկենտրոնը ինչ պարտավորություններ է կրում:

Ամեն դեպքում,գլխավոր տնօրենը խոստանում է ետ տալ գումարի մի մասը: Հերթական հանդիպման ժամանակ հիվանդանոցի գործադիր տնօրենը մեզ առաջարկում է արտագրել դիմումի իր գրած օրինակը: Դիմումում լրացուցիչ ավելացվել էր այս տողը՝ «եւ զգուշացվել է բարձր ռիսկի մասին»: Դա խմբագրելուց հետո էին հիշել ու ավելացրել՝ մոռանալով կամ դիտավորությամբ չհիշելով,որ մեզ այդ մասին ոչ բանավոր, ոչ էլ պայմանագրի որեվէ կետով չեն զգուշացրել:

Այնուհետեւ, դիմումը եզրափակվում էր այս տողերով՝ «խնդրում եմ Ձեզ` օգնության կարգով իմ վճարած գումարից հետ վերադարձնել որոշակի գումար՝ հետագա ծախսերը հոգալու համար»:

Ողորմություն ենթադրող նման նվաստացուցիչ դիմումը մենք հրաժարվում ենք ստորագրել:

Պահանջ

Մենք չենք պահանջում մեր հոր կյանքը. դա խելամիտ չէ: Մենք չենք էլ պահանջում մեր գումարը, չնայած դա խելամիտ է, բայց այն պայմանագիրը, որը կստորագրի յուրաքանչյուր հիվանդի այլընտրանք չունեցող հարազատ՝ երկրորդ կողմին իրավական դաշտում գործելու ցածր հնարավորություններ է տալիս: Ըստ իս, դա կոնկրետ հաշվարկած է, որովհետեւ այդ պահին դժվար թե որեւէ մեկին հետաքրքրեն պայմանագրի մանրամասները` էլ չեմ խոսում վիճարկելու մասին: Դա էլ բուժկենտրոնի ղեկավարությանը հնարավորություն է տալիս օգտվելու առիթից ու ստորագրած ունենալ նման «ստրկացուցիչ» պայմանագիրը:

Մեր պահանջը քաղաքացիական է, բարոյական, ի վերջո` մարդկային: Չի կարելի վճարել ավելի քան 4 միլիոն դրամ՝ առողջ մարդ տեսնելու ակնկալիքով, արդյունքում, 48 ժամ չանցած տուն տանել դիակ: Չի կարելի ամեն ինչ թողնել ու նախնադարի մարդկանց միամտության ու տգիտության վրա հենվելով՝ ամեն ինչ բարդել գերբնական ուժերի վրա:

Ըստ իս, բժշկական կենտրոնի գործողություններն ունեին երեք հնարավոր տարբերակ.

1. Բժիշկները հստակ չեն ախտորոշել հիվանդին: Դա ենթադրում է սխալ եզրակացություն նրա օրգանիզմի վերաբերյալ ու սխալ բուժում:

2. Բժիշկները ճիշտ են ախտորոշել, սակայն կա նեղ մասնագիտական սխալ, որի արդյունքում հնարավոր չի եղել փրկել կյանքը:

3. Բժիշկները ճիշտ են ախտորոշել ու հստակ իմանալով, որ հիվանդը չի ապրի, ամեն դեպքում տեղադրել են ստենտ: Ինչպես ամերիկացիներն են ասում «just business»:

Մենք պահանջում ենք արտոնագրից զրկել եւ դադարեցնել նման քաղաքականություն ու կանոնադրություն որդեգրած բուժկենտրոնի գործունեությունը: Նրանց աշխատելաոճը միայն իրենց է հարմարեցված. պայամանագիրն աշխատում է բուժկենտորնի օգտին՝ ոչ մի արտոնություն չտալով երկրորդ կողմին:

Կարելի է ենթադրել, որ նրանք պատրաստ են ստենտավորել յուրաքանչյուրին՝ անկախ իր առողջական վիճակից եւ հույսը գցել գերբնական ուժերի «մկանների» վրա: Կապրի՝ լավ բոլորի համար, չապրի՝ լավ բուժկենտրոնի, վատ՝ կարեւոր ու հետաքրքիր էլ չէ` ում համար:

Գործողությունների նման հաջորդականությունը տպավորություն է ստեղծում, որ բուժկենտրոնը պարզապես գումար է աշխատել՝ հստակ իմանալով ճակատագրի մասին:

Ի վերջո, դա կազինո չէր,որտեղ մենք գումար էինք խաղարկում՝ հուսալով բախտի քմահաճույքին:

Ակնկալիք

Մեծարգո նախագահ, գոնե մենք՝ լրագրողներս, անձամբ էինք ականատեսն ու ունկնդիրը, թե ինչպես եք Դուք նախընտրական շրջանում 20 հոգանոց համայնքից մինչեվ մեկ միլիոնից ավելի երեվանցիներին վստահեցնում, որ Դուք լինելու եք յուրաքանչյուրի նախագահը: Ես հիմա ցանկանում եմ այդ աջակցությունը զգալ անձամբ, թող դա տեսնեն ու Ձեր նախընտրական խոստումը հիշեն բոլորը:

Խնդրում եմ հետամուտ լինել անպատասխանատու բժշկությամբ զբաղվող կենտրոնների արտոնագրից զրկմանը եվ դիակից շահույթ ստացող մասնագետներին պատասխանատվության ենթարկելուն:

Լրագրող՝ Մանվել Քեշիշյան

 

Հիշեցնենք, որ ողբերգական այս դեպքի մասին հաղորդագրություն էր տարածել նաև ՉԵՆՔ ԼՌԵԼՈՒ-ն:

Լրագրողի բաց նամակը` gazeta.am-ից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին