▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լրագրող Թաթուլ Հակոբյանն` ԱՆԻ կենտրոնի համակարգող

Լրագրող, կովկասյան հակամարտությունների հարցերով փորձագետ Թաթուլ Հակոբյանը համակարգելու է նորաստեղծ “Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ” հաստատության գործունեությունը:

“ԱՆԻ-ն հիմնադրվում է մի ժամանակահատվածում, երբ զգացվում է Հայաստանի և Արցախի ներքաղաքական կյանքի, ժողովրդագրության, տնտեսության, սահմանային համայնքների, տարածաշրջանի, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին անկողմնակալ և համապարփակ հրատարակությունների պակաս: Մեր աշխատանքով փորձելու ենք լրացնել այդ բացը”,- ասել է Հակոբյանը:

ԱՆԻ-ն պատրաստելու է թեմատիկ զեկույցներ Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության, տնտեսության, գյուղատնտեսության, Սփյուռքի, այդ թվում` ներքին Սփյուռքի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, Արցախյան հակամարտության մասին: Կենտրոնը կազմակերպելու է խորհրդաժողովներ, կլոր սեղաններ և հայագիտական թեմաներով տարաբնույթ ձեռնարկներ, արժեքավոր գրքերի շնորհանդեսներ:

“Հայաստանին և Սփյուռքին երբեմն պակասում է քննադատական միտքը` խարսխված հայկական օրակարգի վրա: ԱՆԻ-ն փորձելու է իր ներդրումը բերել այդ բացը լրացնելու հարցում` ներկայացնելով ոչ միայն գաղափարներ ու առաջարկներ, այլ լուծման տրամաբանական և իրատեսական տարբերակներ”,- ասել է Հակոբյանը: Նա ընդգծել է, որ ԱՆԻ-ի հրատարակությունները պետք է նպաստեն, որպեսզի սփյուռքյան կազմակերպությունները և անհատները ավելի մեծ ներգրավվածություն և ներդրում ունենան Հայաստանի սահմանային, առաջին հերթին` Ադրբեջանին անմիջական սահմանակից գյուղերի շենացման  գործում:

Նա ասել է, որ ԱՆԻ-ն ուշադրությամբ հետևելու է Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան հարաբերությունների զարգացմանը, քանի որ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելուց հետո Հայաստանի և իր երկու անմիջական հարևանների հետ համագործակցությունը ստանում է այլ բովանդակություն և բնույթ:

Նախքան ԱՆԻ-ին միանալը, երկու տասնամյակների լրագրության փորձ ունեցող Հակոբյանը աշխատել է “Անկախություն” թերթում, “Երկիր” և “Ազգ” օրաթերթերում, Հայաստանի Հանրային ռադիոյի “Ռադիոլուր” ծրագրում, Միացյալ Նահանգների “Դը Արմինյըն ռիփորթեր” [The Armenian Reporter] անգլերեն շաբաթաթերթում, Սիվիլիթաս հիմնադրամում և վերջինիս մաս կազմող ՍիվիլՆեթ առցանց հեռուստատեսությունում: 2005-2012 թթ. նա աշխատակցել է Սիդնեյի SBS ռադիոյի հայկական ծառայությանը: 2005 թվականից առ այսօր նա Բեյրութում լույս տեսնող “Ազդակ” օրաթերթի Երևանի թղթակիցն է:

2005 թվականին Հակոբյանը արժանացել է Երևանի մամուլի ակումբի` տարածաշրջանային թեմաներով գրող տարվա լրագրողի, իսկ 2009-ին ակումբը նրան մրցանակ է շնորհել “Արցախյան օրագիր. Կանաչ ու սև” գրքի համար: 2014-ին Հակոբյանի “Հայացք Արարատից. Հայերը և թուրքերը” գիրքը արժանացել է Թեքեյան մշակութային միության “Հայկաշեն Ուզունյան” գրական մրցանակի: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին