Ես իջեցնում եմ` վարագույրներս...
Գալիս է մի պահ, երբ փակում ես դուռդ...իջեցնում պատուհանների վարագույրներն ու...
Աշխարհն էնքան է փոքրանում, որ պարփակվում է քո նեղլիկ սենյակում, դառնում` մթին ու անհրապույր:
Անվերջ նախատում ես ինքդ քեզ.
-Ախր, ես էն մարդը չեմ, որ ընկրկեմ, փշրվեմ, խեղճանամ: Աստված ինձ օժտել է շնորհով: Սովորել եմ, նվիրել,արարել: Մեկն եմ, ով էս աշխարհին ողջ մի կյանք նայել է լուսեղեն աչքերով:
Նախատում ես, բայց իջեցնում վարագույրներդ...
Տհաճ է:
Լուսաբացի բարևից, մինչ բարի գիշեր` էնքան կեղծավորություն կա, էնքան չարություն ու գորշություն, անճաշակություն ու տգիտություն, որ յուրաքանչյուր օրվա խորհուրդ կորցնում է իր նշանակությունը:
Ում հետ` ինչից խոսես:
Քո տան բակից սկսած, փոփոխված արժեքների ես հանդիպում:Մարդկանց բարևն էլ արդեն` բարևի նման չէ: Նախկինում բարի ավանդույթներով լի` ընկերություն կոչվածն էլ, 21-րդ դարի նորամուծություն` «ախպերության» վերածվելով, դարձել է լոկ` «վեր բարձրանալու» շահամոլություն:
Եվ ինչն է սարսափելի, որ սա տեսնում են բոլորը: Տեսնում են ու հանդուրժում:
Ամաչում ես սիրուց խոսել, հավատարմությունից, հարգանքից ու գնահատելուց: Հայրենիքից ու հայրենասիրությունից խոսում ես լեզուդ կծելով, որ անհաջող մի ծնունդ չծաղրի հանկարծ, իբրև` էս ո՞ր դարն է, ախպեր:
Ի՞նչ արժեքներից ոգևորվել, ո՞ր հեղինակությունների հետ կապել ապագա: Ու՞մ պիտանի լինել, երբ արժեքային համակարգը` «դխկլը-դըմբլն» է: Ստացվում է, որ ապրածդ տարիներն, ընդամենը, պարտավորություններ են եղել` լույս աշխարհ գալուդ նկատմամբ...
«Իմաստուններն» հիմա կշտապեն խորհուրդներ տալ... Իբրև` լռելն ու մեկուսանալը հարիր չէ, պայքարել, պայքարել, պայքարել: Կասեն ու կրկին իրենց գործին կգնան` հանդուրժելու... Սոց. ցանցերում պահմտոցի կխաղան շիտակ խոսքն համադրելով իրենց շահերի համապատասխանելիությանն,արդյոք,չի վնասում իրենց քաղաքական շահերին,և անգամ թաքուն համաձայնելով ճշմարտությանը` նվաստացնելու,քարկոծելու,հոշոտելու բոլոր հնարքներն կօգտագործեն,առանց հաշվի նստելու` ում հանդեպ:
Էլ չասեմ` առանց հաշվի նստելու, ովքեր են` իրենք...
Ինչ ախմախություն ասես կտարածեն:Ինչ ախմախություն ասես կդարձնեն «պահանջված»: Տեղադրիր սոց. ցանց կոչվածում որևէ համընդհանուր մտահոգության գրառում, արժեքավոր խոսք ու կարծիք, մեջբերումներ արա իրական հանճարներից ու իմաստուններից, եթե մեկ-երկու տասնյակ հետաքրքրվողներ գտնվեն, մի կերպ կմխիթարվես, որ դեռ ունես համախոհներ, դեռ կան շիտակ ու բարձրարժեք մարդիկ:
Հրեշավորն այն է,երբ այս իրականության մեջ, չես տեսնում` ապագա:
Մեր մշակութային իսկական «մեծերի» մեզ մնացած գենոֆոնդն սպառվում է...
Ովքեր դեռ դեգերում են` արհամարված են` ինչպես և նախորդները:
Նորն,ավա~ղ,մշուշոտ է...
Ու ակամա,ինքդ քեզ ստիպում ես հեռանալ...
Մտորեք,մարդիկ:
Ես իջեցնում եմ` վարագույրներս:
Լուսաբացի բարևից մինչ բարի գիշեր այնքան կեղծավորություն կա.Ես իջեցնում եմ վարագույրներս
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet