Փաստերի ստուգման հարթակը գրում է․ Ֆեյսբուքի հայալեզու խմբերում տարածվում են գրառումներ (1, 2) ֆրանսիացի հայտնի կատակերգակ Լուի դը Ֆյունեսի մասին՝ նշելով, որ դերասանը ծագումով հայ էր և հատուկ կապվածություն ուներ հայկական մշակույթի հետ:
«Լուի դը Ֆյունեսը սիրում էր սպաս, դոլմա և Զորավար Անդրանիկի մասին երգեր»,- այսպես է սկսվում գրառումներից մեկը:
Ծավալուն գրառումն այլ նմանատիպ մանրամասներ է ներկայացնում դը Ֆյունեսի կյանքից: Դրանցից մեկի համաձայն՝ նրա հոր տատը հայ էր, ծնունդով՝ պատմական Հայաստանի Էրզրում նահանգից։
Նշվում է, որ 1․5 տարի Ֆյունեսների տանը որպես սպասուհի, խոհարար, պարտիզպան և հայոց լեզվի ուսուցչուհի է աշխատել Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքի բնակչուհի Աղավնի Սարգսյանը:
Հաշվի առնելով, որ ժամանակ առ ժամանակ օգտատերերը և մեդիան հայտնի մարդկանց հայկական ծագում են վերագրում՝ «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել՝ որքանո՞վ է ճիշտ Լուի դը ֆյունեսի մասին գրառումը:
Լուի դը Ֆյունեսի ազգային պատկանելիությունը հայկական մեդիայի ուշադրության կենտրոնում
Լուի դը Ֆյունեսի՝ արմատներով հայ լինելու մասին հիշատակումներ կան միայն հայալեզու կամ հայկական ռուսալեզու աղբյուրներում: Վերը մեջբերված գրառման ռուսերեն տարբերակը կարելի է գտնել «Диалог и Дело» ֆեյսբուքյան էջում՝ 2014 թ. հոկտեմբերին արված հրապարակման մեջ:
Հետագայում այն արտատպել են մի շարք ռուսալեզու էջեր ու կայքեր, 2015 թ. փետրվարին գրառումը հայերենով վերարտադրել են 168.am, իսկ այս կայքից՝ blognews.am-ը, asekose.am-ը և այլ կայքեր:
2018 թ. հունվարին Աղավնի Սարգսյանի հետ ռեպորտաժ է հրապարակել Հանրային հեռուստատեսությունը: Դրանում տիկին Աղավնին պատմում է դը Ֆյունեսի տանն աշխատելու մասին իր պատմությունը, որը ավելի վաղ հրապարակվել էր մամուլում։ Ռեպորտաժի կադրերից մի քանիսը պատկերում են թերթերում տպված պատմությունը, որը մի շարք դրվագային հակասություններ եւ անճշտություններ է վեր հանում։
Նախ, այս հոդվածի սկզբում նշվում է, որ Սարգսյանն ամուսնացել է 1971-ին՝ մարսելցի մի հայի հետ։ Այնուհետև փորձել է վերադառնալ հայրենիք, բայց «ամուսինը դեմ էր»։ Մինչդեռ, վիդեոռեպորտաժի առաջին իսկ նախադասությունից իմանում ենք, որ Աղավնի Սարգսյանն ամուսնացել է 1949-ին՝ Սիրիայից ներգաղթած հայի հետ։ Իսկ հետագայում Ֆրանսիայից ցանկացել է վերադառնալ, «բայց ամուսնուն չթողեցին»։
Մեկ այլ հրապարակման մեջ տիկին Աղավնին պատմում է Ֆյունեսի ընտանիքի հետ մտերիմ հարաբերությունների մասին։ «Կինը՝ Անժելան, ինձ հետ շատ սիրալիր էր», ասում է նա։ Մինչդեռ հայտնի է, որ Լուի դը Ֆյունեսի երկու կանանցից ոչ մեկը Անժելա անունը չի կրել։ Նրա առաջին կնոջ անունն էր Ժերմեն Լուիզա Էլոդի Կարրուայե (որի հետ դերասանն ապրել է մինչև 1942 թվականը), իսկ երկրորդ կինը Ժաննա Ավգուստինա դը Բարթելեմի դը Մոպասանն է, որի հետ նա ապրել է մինչև կյանքի վերջը։ Աղավնի Սարգսյանի մասին ռեպորտաժի մեջ ուշագրավ է այն, որ նրա պատմությունն ուղեկցվում է մի շարք լուսանկարներով, բայց դրանցից ոչ մեկը չի պատկերում նրա կյանքը Ֆրանսիայում։ Առավել ևս, լուսանկարներ չկան Լուի դը Ֆյունեսի կամ նրա ընտանիքի անդամների հետ, որոնց հետ, իր պատելով, ջերմ հարաբերություններ ուներ Աղավնի Սարգսյանը։
Հետագայում Լուի դը Ֆյունեսի հայկական արմատների մասին կրկին գրվել է: 2019 թ.-ին դերասանին նվիրված հաղորդման մեջ այդ մասին հիշատակել է նաև «Շողակաթ» հեռուստաընկերությունը: Այս հիշատակություններից ոչ մեկը որևէ այլ աղբյուր չի նշում, բացի Աղավնի Սարգսյանի պատմածը։
Լուի դը Ֆյունեսի ծագումը՝ ըստ բաց աղբյուրների
Դերասան, սցենարիստ, ռեժիսոր Լուի դը Ֆյունեսը ծնվել է 1914 թ.-ին Ֆրանսիայում:
Լուի դը Ֆյունեսը սկսել է կարիերան որպես ջազ դաշնակահար, սակայն հետագայում արդեն անցում է կատարել դերասանական գործին: Արդյունքում նա դարձել է ֆրանսիական կինեմատոգրաֆիայի ամենահայտնի գործիչներից մեկը՝ խաղալով ավելի քան 130 ֆիլմում: Նա մահացել է սրտի կաթվածից 1983 թ.-ին:
Դը Ֆյունեսի հայրը՝ Կառլոս Լուի դը Ֆյունես դը Գալարսան, Սևիլիայից էր՝ իսպանացի ազնվական ընտանիքից, իսկ ահա մայրը՝ Լեոնոր Սոտո Ռեգուերան, ծագումով իսպանացի և պորտուգալացի էր։
Վերը հիշատակածից բացի, մեր ուսումնասիրած որևէ աղբյուրում չկա հիշատակություն նրա հայկական ծագման, առավել ևս Անդրանիկ Օզանյանի, նրա մասին երգերի և հայկական խոհանոցի հանդեպ տածած սիրո մասին: Ավելին՝ համացանցում կա նրա ընտանեկան տոհմածառը, որտեղ հայկական անունով կամ ազգանունով իգական (կամ արական) սեռի ներկայացուցիչ չկա: Ըստ այդ տոհմածառի՝ նրա հոր տատերից մեկի անունն էր Սոլեդադ Ալվարես-Մալդոնադո Ռամոս: Հայկական ծագման կամ հայկական մշակույթի հանդեպ դերասանի տածած սիրո մասին չեն հիշատակում նաև նրա որդիները՝ Օլիվյե և Պատրիկ դը Ֆյունեսները դերասանի կենսագրական գրքում:
Հետաքրքիր է, որ Լուի դը Ֆյունեսը «Le Corniaud» (1965 թ.) ֆիլմում խաղացել է ազգությամբ հայ Լեոպոլդ Սարոյան անունով հերոսի դերը: Սակայն սրանով էլ սահմանափակվում է նրա հրապարակային առնչությունը հայերի հետ:
Ինչ վերաբերում է Աղավնի Սարգսյանին, ապա նրա մասին ևս համացանցում տեղեկություններ չկան, թեև հիշատակված նյութերը հուշում են, որ Լուի դը Ֆյունեսի հայկական ծագման մասին պատմությունները հիմնված են բացառապես նրա բանավոր պատմությունների վրա և այլ փաստական տեղեկություններով (լուսանկարներ և այլն) չեն հաստատվում այլ աղբյուրներով։
Այպիսով, թեև հայալեզու աղբյուրներում ժամանակ առ ժամանակ շրջանառվում է պնդում, թե Լուի դը Ֆյունեսը հայկական ծագում ուներ՝ նրա հոր տատը էրզրումցի հայ էր, որևէ արժանահավատ աղբյուր այս տեղեկությունը չի հաստատում: Դերասանն այդ մասին չի խոսել, իսկ նրա որդիների գրած կենսագրությունում նման տեղեկություն չկա: