▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոտոն աշխատավարձ անվանելով` տեսեք, թե ոնց են միանգամից մի քանի հարց լուծում

Դուք գիտե՞ք, թե ինչքան է ՀՀ-ում միջին տարեկան եկամուտը: Չէ, խոսքս էն աշխատավարձի մասին չէ, որ մեր քաղաքացիների որոշ մասը աշխատում, բայց չեն ստանում, ոչ էլ էն աշխատավարձի, որ կոչվում է նվազագույն, և էդ նվազագույնով ապրողները չգիտես՝ ինչ ֆոկուսնիկություն են անում՝ դրանով մի ամիս գոյատևելու համար, և ոչ էլ էն աշխատավարձի, որից պիտի հետպահումներ արվեին պարտադիր կենսաթոշակային կուտակային բաղադրիչի տեսքով: Չէ, չգուշակեցիք: Խոսքս էն «աշխատավարձի» մասին է, որը չեն աշխատում, բայց ստանում են, էդ չաշխատած փողերով գնում են Հավայան կղզիներ, ու «լավ եմ անում, բաշարում եմ` ստանում եմ, կարաս դու էլ բաշարի, բաշարեք և ստացեք աշխատավարձ 30.000, 50.000, 100.000 դրամ»: Հիմա իմացաք, այո, խոսքս «աշխատավարձ» լոտոյի մասին է: Տեսնես՝ ում հանճարեղ գլխում է ծագել լոտոն աշխատավարձ անվանելու միտքը: Ու տեսեք, թե դրանով էդ լոտոյի տերը ոնց է միանգամից մի քանի հարց լուծում՝

1.Միանգամից, առանց մեծ ներդրումների, հազարավոր աշխատատեղեր է «ստեղծում»՝ «ԳՆԻՐ ՄԵԿ ԱՆԳԱՄ և ՄԵԿ ՏԱՐԻ ՍՏԱՑԻՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ»:

2. Բավարարում է մեր քաղաքացիների` ՀՀ սահմանադրությամբ ամրագրված «աշխատելու» անքակտելի իրավունքը:

3. Եվ վերջապես, բավարարում է իր գրպանները լցնելու, միամիտ մարդկանց հիմարացնելու գնով հարստանալու սեփական ցանկությունը:

Բայց ուր էր, թե միայն այսքանը լիներ: Միգուցե մեր լոտոյի տերը և դրա գովազդը կազմակերպող, գովազդային հոլովակի տեքստեր գրող մասնագետները ուրիշ հեռահար նպատակներ էլ ունեն,  օրինակ, գիտակցո՞ւմ են, արդյոք, նշված հարգելի մասնագետները, որ գովազդային այդ հոլովակների ակտիվ ունկնդիրներից են նաև մեր երեխաները, որոնք սպունգի պես ներծծում են այն բոլոր մտքերն ու գաղափարները, որոնք հոսում են հեռուստաեթերից, որ երբ մանկուց երեխայի ուղեղի մեջ նստում է այն միտքը, որ կարելի է չաշխատել, բայց ստանալ աշխատավարձ, միայն թե պետք է բաշարել, կարողանալ, երբ օրը տաս անգամ բազմաթիվ մարդիկ երջանիկ դեմքերով ժպտալով ասում են, որ ոչ մի աշխատանքային փորձ պետք չեկավ, ոչ մի ղեկավար չունեմ, ես եմ իմ ղեկավարը և վերջապես` շահիր մեկ անգամ` ստացիր մեկ տարի, և այլն, և այլն, վերջնականապես սպանում են աշխատելու, աշխատանքով եկամուտ ստանալու, ազնիվ աշխատանքով հայրենիքը շենացնելու այն ծիլերը, որոնք նստած են յուրաքանչյուր երեխայի մեջ: Իսկ առայժմ ունենք այն, ինչ ունենք, և ստիպված ենք մեր նյարդերի հաշվին բազմաթիվ ալիքներով բազում անգամ ունկնդրել այս ամենը, իսկ թե ուր մնաց այն օրենքը, որն արգելում էր ԶԼՄ-ներով ազարտային խաղերի, կազինոների և այդ կարգի այլ կառույցների գովազդումը, դա արդեն պատկան մարմինների լուծելու խնդիրն է:

 

Անահիտ Գրիգորյան 

ԲլոգՆյուզ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին