«Lexus»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու կողաշրջվել. զոհվել է 2 երեխա
Նոյեմբերի 6-ին, ժամը 00։52-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սևան–Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «Lexus» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Մ., ծնված 1978թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել դաշտամիջյան հատվածում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ս. Մ-ն (ծնված 2003թ․), Հ. Մ-ն (ծնված 2007թ․), Ա. Մ-ն (ծնված 2012թ․) և Թ. Ս-ն (ծնված 1981թ․) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է Հ. Մ-ի և Ա. Մ-ի մահը, իսկ մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով ոստիկանության պարեկային ծառայության ավտոմեքենայով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր:
Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի փականը։