Ինչպես հայտնում է Զարեհ Թեւանը, ԱՄՆ-ում 80 տարեկանում մահացել է հայտնի դերասանուհի, Հայաստանի ժողովրդական արտիստ Վիոլետա Գևորգյանը։
Նա ծնվել է Թբիլիսիում՝ զինվորականի ընտանիքում։ Մանկությունն ու պատանկությունն անցել է Թբիլիսիում։ 1966 թվականին հաստատվել են Երևանում, որտեղ ընդունվել է նորաբաց թատրոն-ստուդիա և Երևանի դրամատիկական թատրոն։ Վիոլետա Գևորգյանն ստեղծագործական գործունեությունն սկսել է 24 տարեկանում։ Շուրջ 20 դերեր է խաղացել Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Առաջին գլխավոր դերը եղել է «Աննա Ֆրանկի օրագիրը» պիեսում։ Գևորգյանին ճանաչում է բերել Աղունի դերակատարումը Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» պիեսում։ 1980 թվականին առաջին անգամ բեմադրված այս ներկայացման մեջ խաղացել է շուրջ 700 անգամ։ 1988 թվականին մասնակցել է Բաքվի կինոփառատոնին և արժանացել արվեստագետ գործընկերների խիստ քննադատությանը։ Ըստ նրա՝ Բաքու էր մեկնել Սումգայիթում տեղի ունեցած վայրագությունների ու ջարդերի մասին այլ ազգերի ներկայացուցիչներին պատմելու համար, սակայն դերասանուհուն Հայաստանում համարեցին դավաճան, և նա 1991 թվականին տեղափոխվեց և բնակություն հաստատեց ԱՄՆ-ում։ Խաղացել է Տաթևիկ Ղափլանյանի բեմադրած «Իմ քաղցր տղան» ներկայացման մեջ՝ նվիրված Ղափլանյանի վաղամեռ որդուն։
Նա նկարհանվել է «Աշնան արեւ», «Ապրեցեք երկար» եւ այլ ֆիլմերում։
«Ես սովոր էի շուրջ 22 տարի ապրել թատրոնի կյանքով, մի օր որ ներկայացում չէի ունենում, հիվանդանում էի։ Թատրոնը իմ կյանքն էր, որից զրկվեցի 1988 թվականին։ Ես չէի պատկերացում, որ կապրեմ, բայց ապրում եմ ու տեսքս էլ բավական լավն է, իսկ թե ինչ է կատարվում իմ ներսում, միայն Աստված գիտի»-մի առիթով ասել է անվանի դերասանուհին։
Ցավակցում ենք սիրված դերասանուհու հարազատներին։ Աստված հոգին լուսավորի։