Օգոստոսի 10-ին, կյանքի 88-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ Մովսես Խորենացի մեդալակիր, Հայաստանի գրողների միության անդամ Մետաքսեն (Մետաքսե Պողոսյան).ինչպես Asekose.am-ին տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Մետաքսեի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:
Մետաքսեն ծնվել է 1926թ. դեկտեմբերի 23ին` Արթիկի շրջանի Արևշատ գյուղում:Մանուկ հասակից զրկվել է ծնողներից, մեծացել է Գյումրիի մանկատանը։ 1952-ին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական և 1958-ին Մոսկվայի ԽՍՀՄ գրողների միությանը կից Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտները։Մ. Գորկու գրականության ինստիտուտն ավարտելուց հետո «Լիպեցկ» շոգենավով, ուր աշխատել է որպես նավաստի, Մետաքսեն եղել է Եգիպտոսում և Ալբանիայում։ Մետաքսեն երեք տասնյակից ավելի գրքերի հեղինակ է, որոնցից են՝ «Զգույշ, սիրտ է», «Սերը հավատ է». «Արցունքները չեն ծերանում», «Հազար ու մի սեր», «Երբ ես գալու, Տեր» և 1995-ին հրատարակել է «Շամիրամ» պոեմը։ Մանկական գրքերից են «Մաքրասեր Լիլիթը», «Լիլիթը և բադիկները», «Աչիկի և Վաչիկի զրույցը», «Ճստիկը» գրքերը։ Մոսկվայում հրատարակվել է ռուսերեն «Ճակատագիր», «Կյանքի գրկում», «Հազար ու մի սեր» գրքերը։
Ինքս իմ մեջ
Փլուզվել եմ ինքս իմ մեջ,
Եվ հողեղեն իմ տաճարի
Կտորտանքը փոքր ու մեծ,
Որ հյուսվել են երկնավորի
Արարումից հրաշք որպես
Հարկավոր չէ ո’չ ինձ, ոչ`քեզ…
Փլուզվել եմ ինքս իմ մեջ
Նախանձ ու բիրտ հպումներից,
Անսրտացավ ժպիտներից կեղծ
Ու չարության մաղձից անխիղճ
Որ չի ծաղկում հրաշք որպես,-
Հարկավոր չէ ո’չ ինձ, ոչ`քեզ…
Փլուզվել եմ ինքս իմ մեջ,
Մթնոլորտից անկարեկից
Ճամփիս ելնող ջահել ու խեղճ
Բոմժերի լուռ աղերսներից,
Անհաց երգս հրաշք որպես,-
Հարկավոր չէ ո’չ ինձ, ոչ`քեզ…