▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ՝ Աշտարակի ձորում. վիրավորներից մեկը Աշտարակի քաղաքապետի տեղակալն է

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրից դեպի «Գալուստի ձոր» կոչվող հանգստյան գոտու ճանապարհին մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել  են կրակոցներ և կան վիրավորներ:

Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ «Գալուստի ձոր» կոչվող հանգստյան գոտում հանդիպել են Արագածոտնի մարզի բնակիչ 65-ամյա Գալուստ Գ.-ն, նրա որդին՝ Արագածոտնի մարզի բնակիչ 37-ամյա Հայկ Գ.-ն, և Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավար, Արագածոտնի մարզի բնակիչ 34-ամյա Թովմաս Շ.-ն, Աշտարակ քաղաքի Քասախի կիրճում գտնվող «Գալուստի ձոր» կոչվող հանգստյան գոտու տարածքում հողային հարցերի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, որտեղ էլ Գալուստ և Հայկ Գ.-երը պարզաբանումներ ստանալու ընթացքում ասֆալտապատ ճանապարհով անցնելիս հայհոյանքներ են հնչեցրել և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել, ապա մոտ 40-50 հոգի քարերով և ջրով լցված շշերով  մոտեցել են ու սկսել են նետել Գալուստ և Հայկ Գ.-երի ուղղությամբ:

Այդ ամենին ականատես են եղել ոստիկանության ծառայողները: Դրանից հետո ինչ-որ անձինք մոտեցել են Գալուստ Գ.-ին, նրան քաշել, գցել գետնին, ապա քարերով, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին: Այդ ժամանակ Հայկ Գ.-ն իր մոտ եղած ինքնաձիգից մի քանի կրակոց է արձակել քաղաքացիների ուղղությամբ: Կրակոցների հետևանքով Արագածոտնի մարզի բնակիչներ 52-ամյա Վարդան Ս.-ն, ով Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալն է, և 26-ամյա Գոռ Պ.-ն հրազենային վնասվածքներ են ստացել և տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել  է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները ամբողջությամբ պարզելու, բոլոր մասնակիցներին ու ներկա գտնվողների ինքնությունները պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից արձակված կրակված պարկուճներ, արնանման հետքեր, դանակներ, երկաթե և փայտե ձողեր, հողային աշխատանքներ կատարող տեխնիկա, որի դիմապակին և կողային ապակիները կոտրված, ձեռնափայտ, ժամացույց և այլ կասկածելի իրեր: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին