Հետքը գրում է․ «Ֆրանսիացի հետաքննիչները հայտնաբերել են IP հասցեներ, որոնք օգտագործվել են որպես ադմինիստրատոր վնասակար ծրագրի կառավարման վահանակին միանալու նպատակով։ Հայտնաբերված IP հասցեները սպասարկել են հայաստանյան «Վիվա Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունները։ Քննչական կոմիտեի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում 2024թ․ սեպտեմբերի 3-ին նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գլխավոր դատախազությունից «Հետքին» հայտնել են, որ վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ հատուկ ծրագրային կամ գործիքային միջոցների ապօրինի շրջանառությունը, որը կատարվել է շահադիտական դրդումներով։
Փարիզի դատարանի դատախազի՝ իրավական օգնության միջնորդությունը Քննչական կոմիտեն ստացել է 2024թ․ մայիսի 15-ին՝ Գլխավոր դատախազության միջոցով։
Քրեական վարույթով ձերբակալված, կալանավորված անձինք չկան, մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ նույնպես չկա։
Հիշեցնենք, որ 2024թ․ մայիսի վերջին Եվրոպոլի մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել կիբեռհանցագործությունների դեմ ուղղված գործողությունների մասին։
Մինչ գործողության իրականացումը հարձակման է ենթարկվել ավելի քան 100 սերվեր, ինչի պատճառով տուժել են հազարավոր մարդիկ։ Եվրոպոլի փոխանցմամբ՝ գործողությունն իրականացվել է մայիսի 27-29-ը։ Եվրոպացի իրավապահները նշում են, որ իրականացվել է բոտնետերի (վնասակար ծրագրերով համակարգչային ցանց) դեմ ամենախոշոր գործողությունը, որոնք կարևոր դեր են խաղում օգտատերերից շորթող վիրուսների տարածման գործում։ Մամուլի հաղորդագրության համաձայն՝ դրանց թվում են IcedID-ն, Smokeloader-ը, SystemBC-ին և Pikabot and Bumblebee-ն։
Ըստ Եվրոպոլի՝ 4 անձ ձերբակալվել է, որոնցից մեկը՝ Հայաստանում, 3-ը՝ Ուկրաինայում, սակայն Հայաստանում ձերբակալված, կալանավորված անձ չկա»։