Մենք մեր հասարակական ակտիվությամբ ողջ կյանքում կենցաղային խնդիրներ ենք լուծում, մինչդեռ պետք է լուծենք կենսական խնդիրներ:
Օրինակ, կենսական անհրաժեշտություն է գրագիտությունն ու կրթությունը, բայց կրթության միջոցով մենք կենցաղային խնդիր ենք լուծում՝ երեխաներին զբաղմունքով ապահովել, տնից դուրս գան, մարդ տեսնեն, շփվեն... ու վերջում դիպլոմ ստանան: Ի միջի այլոց, նաև այդ դիպլոմի արժեքը կենցաղում ավելի բարձր է, քան հասարակական կյանքում:
Երկրորդ օրինակը. կենսական անհրաժեշտություն է կոռուպցիան վերացնելը, քանի որ կոռուպցիան պարզապես խեղդամահ է անում երկիրը, բայց մարդիկ կոռուպցիայի միջոցով իրենց կենցաղային խնդիրներն են լուծում՝ վերանորոգում, կենցաղային տեխնիկա, էկզոտիկ մրքեր...
Երրորդ օրինակը. կենսական անհրաժեշտություն է քաղաքական կայացած համակարգ ունենալը, քանի որ դրա միջոցով են ստեղծվում երկրի տնտեսական, մշակութային և առհասարակ՝ զարգացման պայմանները, բայց մարդիկ քաղաքական գործունեության միջոցով (հանրահավաքիներին մասնակցելու, կուսակցական դառնալու, ընտրվելու և ընտրելու) կրկին իրենց կենցաղային խնդիրներն են լուծում:
Այնքան ենք վարպետացել կենցաղավարության մեջ, որ կարող ենք կենցաղավարության դասեր տալ: