▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կատակ էր, կատակ...

«Ժողովուրդ»-ը գրում է. Ինչպես արդեն նախօրեին տեղեկացրել էինք՝ համացանցում հայտնվել էր Սերժ Սարգսյանին ուղղված «ՊԵԿ աշխատակիցների բաց նամակ» անվանումով մի ձայնագրություն, որում ներկայացված էին կոռուպցիոն գործունեություն ծավալած ՊԵԿ որոշ բարձրաստիճան պաշտոնյաների անուններ:

Մասնավորապես` «Տրանս Ալյանս» մաքսային տերմինալի զննման պետ Ռոբերտ Գայֆաջյանի, Բագրատաշեն մաքսակետի զննման պետ Կարեն Գրիգորյանի, զննման վարչության նախկին պետ Վահրամ Գյորողլյանի, ՀՀ ԱԱԾ մաքսանենգության դեմ պայքարի բաժնի ղեկավար Սեդոյի եւ ՀՀ պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանի անունները:

Տարածված ձայնագրությունը, սակայն, կարճ ժամանակ անց ջնջվել էր:

Եվ, ահա, սա որպես առիթ օգագործելով` երեկ «Ժողովուրդը» տեղեկատվություն հրապարակեց այն մասին, որ «երբ Սերժ Սարգսյանին զեկուցել են այդ ձայնագրության եւ դրանում բերված փաստերի մասին, նա անմիջապես հանձնարարել է ՀՀ գլխավոր դատախազությանը քրեական գործ հարուցել եւ ներկայացված կոռուպցիոն համակարգում ներգրավված բոլոր պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկել:

Ըստ լուրերի՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանում այլեւս ոչ ոք իրավունք չունի կոռուպցիայով զբաղվել: Նույնիսկ եթե կոռումպացված պաշտոնյան, «փայ մտնողը» իր հարազատ եղբայրը կամ փեսան լինի, միեւնույն է, ԿՊԱՏԺՎԻ»:

Բնականաբար, դա ընդամենը ապրիլմեկյան կատակ էր, ինչի մասին, ի դեպ, հումորի օրը մոռացածների համար հատուկ տեղեկացրել էինք հրապարակման ներքեւում «Կ» տառի նշմամբ:

Սակայն, որքան էլ տարօրինակ է, մեր այս ապրիլմեկյան հրապարակումը ոչ միայն լայնորեն տարածվեց մեդիադաշտում, այլեւ առիթ հանդիսացավ, որ որոշ «վերլուծաբաններ» հանդես գան «լավաշ» հոդվածներով:

Սա եւս մեկ անգամ ցույց տվեց մեր մեդիադաշտի տխուր պատկերը, երբ ցանկացած «օդից վերցված» տեղեկություն բավարար է, որպեսզի թիթեռի կյանք ունեցող «լրատվամիջոցները» սկսեն դրանց հիման վրա «աշխարհացունց» վերլուծություններ անել:

Ընդ որում, նկատենք, որ նույն վիճակում է նաեւ մեր «փորձագիտական հանրույթը»:

«Ժողովուրդ»-ի ընթերցողները կհիշեն, թե ինչպիսի ցնցում առաջացրեց մեր նախորդ տարվա ապրիլմեկյան կատակը, որտեղ գրել էինք, որ Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանին Մոսկվա է հրավիրել եւ հորդորել Գագիկ Ծառուկյանին վերադարձնել քաղաքական դաշտ:

Այդ հրապարակումից ժամեր անց արդեն ոչ միայն լրատվական դաշտի «հաստիաքավոր փորձագետները», այլեւ որոշ քաղաքական գործիչներ շտապեցին հայտարարել, թե իրենք դա վաղուց էին կանխատեսել եւ անգամ ներկայացրին, թե ինչպիսին կլինեն Ծառուկյանի վերադարձի «տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական» հետեւանքները:

Սա իրականում չափազանց տխուր եւ խորքային դեգրադացիայի մասին վկայող երեւույթ է, սակայն քանի որ երեկ ապրիլի 1-ն էր, մենք Բարոն Մյունհաուզենի նման ընդամենն ասում ենք` ժպտացե՛ք, պարոնա՛յք, ժպտացե՛ք, խելացի դեմքը դեռեւս խելքի նշան չէ:

 

Ուժագրավ այլ նյութեր՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին