«Ո՞ր մեկը գիտի, թե ինչ է տեղի ունեցել: Կասկածի տակ եմ դնում այն վարկածը, որը տրամադրվել է հանրությանը: Որևէ մեկը հանցագործին չի տեսել դեպքի վայրում, որևէ մեկը չի բացատրում, թե այդ ինչ շորեր, 3 հեռախոսներ են այդ մարդու մոտ: Ի սկզբանե տված տեղեկատվության մթությունը բացառում է զուտ մեկ հոգու կողմից հանցագործության կատարված լինելը: Արդյոք նա եղել է միայնակ, արդյո՞ք դա նախապատրաստված չէր: Կամ էլ՝ հանրությունից թաքցվում է իրական դեպքը, որը տեղի է ունեցել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած ողբերգությանը՝ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Անդրադառնալով ռուս սահմանապահների կողմից մեղադրյալին գտնելու փաստին՝ նա նկատեց.
«Ո՞վ կարող է պնդել, որ եղել է այն հեքիաթի համապատասխան, որը մեզ պատմել է ռուս զինվորականը, որ իբր թե ցանկացել է սահմանն անցնել: Եթե նա եղել է զենքով՝ նշանակում է ծառայության է եղել: 2 ժամը մեկ ստուգվում է, թե արդյոք տեղում է: Եթե 2 ժամ անց նա զենքով տեղում չի եղել, ապա ինչո՞ւ այդ մասին չեն հայտնել հայկական կողմին»:
Խոսելով ՌԴ-ի կողմից դասալքության և սպանության գործ հարուցման մասին՝ ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպանը նշեց, որ սա դասալքություն չէ.
«Առնվազն պետք է հասկանանք, որ նրա նպատակը դա չի եղել: Չի բացառվում, որ այդ հանցագործությունից հետո նա կրկին հայտնվել է զորամասում: Ինքն է եղել սպանողը, թե իր շորերն են տարել, այս բոլորը մթության մեջ է: Իսկ ո՞վ պետք է դա դիտարկի: ՌԴ քրեական օրենսգրքով դասալքություն է համարվում 2 օրից ավել զորամասը լքելը, իսկ դա 2 օր չի տևել: Այսինքն՝ 2 օրից ավելի քիչ բացակայությունը չի համարվում զինվորական հանցագործություն»,-նշեց Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով, որ այդ անձը չի էլ ասել, որ ուզում էր լքել զինվորական տարածքը:
Իսկ, թե ինչո՞ւ է կարծում, որ անձը մենակ չի գործել, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպանը բացատրում է, որ կա աշխարհաքաղաքական պատճառ, այն է՝ Ռուսաստանի շուրջ ստեղծել վառվող օղակի մի մաս, երկրորդ՝ թուլացնել Հայաստանի՝ Ռուսաստանի կամ որևէ այլ պետության հետ բարիդրացիական հարաբերությունները:
Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրենը կոչ է անում չընկնել հիստերիայի մեջ ու չպահանջել Ռուսաստանի հետ հարաբերությունների խզում.«Դա ցույց կտա, որ նրանք, ովքեր պլանավորել ու իրականացրել են ոճրագործությունը, գիտեն մեր էմոցիոնալ լինելը: Միաժամանակ միանում եմ այն զայրութին, որն արտահայտվել է Գյումրիում: Ես դեմ եմ որևէ կոշտ դիմադրության, բայց զայրույթը տեղին է: Դա միջազգային խնդիր չէ, իսկ ազգային խնդիրը լուծելու համար մեր իշխանություններն ուղղակի աններելի ձևով դանդաղկոտություն են ցույց տվել»:
Անի Կարապետյան