«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն «Արմենպրեսի» հետ զրույցում փաստորեն չի հերքել «Ժամանակ» օրաթերթի տեղեկությունը այն մասին, որ ՀՀԿ-ում առկա է Կարեն Կարապետյանին համամասնական ընտրացուցակում ներառելու խնդիր, քանի որ կա 5 տարի Հայաստանում մշտական բնակության հարցը: Կարեն Կարապետյանը վերջին 5 տարիներին մշտապես չի բնակվել Հայաստանում, դա ակնհայտ է, մինչդեռ պատգամավորական հավակնություն ունենալու, այսինքն՝ համամասնական ցուցակում տեղ գտնելու համար պետք է ապահովվի այդ ցենզը: Այդպիսով՝ Կարեն Կարապետյանը կանգնած է «ԺԷԿ-ի տեղեկանքի» լինել-չլինելու իրողության առջեւ:
1998 թվականին այդ «տեղեկանքը» իշխանության ճանապարհ բացեց Ռոբերտ Քոչարյանի առջեւ, բայց ոչ լեգիտիմ ճանապարհ: Այժմ այդ ճանապարհի առջեւ է Կարեն Կարապետյանը: «Ժամանակի» տեղեկությամբ՝ նա հրաժարվում է այդ տարբերակից: Վահրամ Բաղդասարյանը փաստորեն չի հերքում, թե կա այդպիսի խնդիր: Նա ընդամենն ասել է, որ Կարեն Կարապետյանին ցուցակում ընդգրկելու հարց չի քննարկվել:
Ինչ խոսք, ՀՀԿ-ի համար խիստ ցանկալի կլինի, որ Կարեն Կարապետյանը «ԺԷԿ-ի տեղեկանքով» ընդգրկվի ցուցակում: Բանն այն է, որ Կարապետյանը այժմ գտնվում է առնվազն լեգիտիմության մեկ քայլ բարձր աստիճանի վրա, քան ՀՀԿ-ն եւ նույնիսկ Սերժ Սարգսյանը: Դրա մասին վկայել էր նաեւ «Գելլափի» հայաստանյան գրասենյակի սոցհարցումը: «ԺԷԿ-ի թղթով» ցուցակ մտնելու դեպքում Կարեն Կարապետյանը առնվազն կհավասարվի ՀՀԿ-ին: Բայց դա չի լինի միայն հավասարություն, դա կլինի Կարեն Կարապետյանի սկզբի վերջն ու վերջի սկիզբը միաժամանակ: Այսինքն՝ Կարապետյանը կսկսի իր կայուն անկումը, ինչին, բնականաբար, ձգտելու են թե Սերժ Սարգսյանը, թե ՀՀԿ-ն՝ ունենալով իրենց առանձին մոտիվները, սակայն այդ հարցում ընդհանուր շահը:
Կարեն Կարապետյանը իշխող համակարգում ամենեւին երկնքից իջած հրեշտակ չէ , սա ինքնին հասկանալի է: Բայց համակարգում նա այժմ ունի իսկապես շահեկան դիրքեր, անգամ նրա նշանակումից հետո առաջացած սպասումների որոշակի սառեցման՝ ի դեպ, բնական սառեցման պայմաններում, քանի որ Կարապետյանը կամ որեւէ այլ վարչապետ օբյեկտիվորեն ի զորու չէր լինելու ներկայիս վիճակում ապահովել սպասումների նույն դինամիկայի պահպանում:
Կարապետյանի առանձնացված, այսպես ասած՝ կղզիացած ներհամակարգային դիրքը դիսկոմֆորտ է ամբողջ համակարգի համար, որքան էլ բոլորը հասկանում են, որ Կարապետյանը չի կարող առանց իրենց: Միեւնույն է՝ այն, որ Կարապետյան գործոնը կա, դա առաջացնում է անհանգստություն, անհարմարավետության զգացում եւ կասկածներ, թե ինչու կա, ինչքան կարող է լինել, եւ գլխավորը՝ ում շնորհիվ ու ինչի համար: Այդ հարցերը համակարգին տանջելու են այնքան, քանի դեռ Կարապետյանը չի դադարի լինել այն, ինչ դեռեւս կա:
ՀՀԿ-ին անդամակցությունը որոշակիորեն ցնցեց նրա այդ դիրքը, սակայն չփլուզեց: ՀՀԿ ցուցակում տեղ գտնելը, սակայն, կփլուզի, քանի որ Կարապետյանը չունի այդ ցուցակում լինելու իրավական հիմք: Իրավականությունը երբեք չի եղել Հայաստանի իշխանության որեւէ ներկայացուցչի «թուլություն», սակայն այստեղ կա ներիշխանական լուրջ դիրքային պայքար, եւ հարցը վերաբերելու է հետընտրական հարաբերությունների պարզաբանմանը, եւ այդ իմաստով Կարեն Կարապետյանը կստանա լուրջ առավելություն:
Հարցը տվյալ դեպքում այն է նաեւ, այդ թվում՝ ՀՀԿ մեծամասնության համար, թե այդ առավելությունը լինելու է նաեւ Սերժ Սարգսյանի՞ նկատմամբ, թե՞ նրա գիտությամբ եւ աջակցությամբ, այսինքն՝ հենց նրա համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում