▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունը զավեշտալի իրավիճակում է հայտնվել.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր խիստ զավեշտալի իրավիճակում է հայտնվել Հայաստանի կառավարությունը: Կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանը տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Շաբոյանի հետ կառավարության նիստում խոսել է գների նվազման մասին: Շաբոյանը հայտարարել է, որ վարչապետի հանձնարարությամբ ուսումնասիրել են ու պարզել, որ մի շարք ապրանքատեսակների գներ նոր տարվա շեմին նվազել են:

Եվ ահա մի քանի ժամ հետո Ազգային վիճակագրական ծառայությունը տեղեկություն է հրապարակել, հրապարակել է պաշտոնական տվյալներ, համաձայն որոնց՝ դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, եղել է գնաճ, ընդ որում՝ մի շարք ապրանքատեսակների մասով, մասնավորապես եւ այն, որոնց գների իբր նվազման մասին հայտարարել է Շաբոյանը:

Ըստ երեւույթին, Հովիկ Աբրահամյանն ու Շաբոյանը այնքան են տարվել գների նվազման վերաբերյալ երկխոսությունը բեմադրելով, որ մոռացել են այդ մասին տեղեկացնել նաեւ ԱՎԾ-ին, որպեսզի վերջինս գոնե մի-երկու օր ուշ հրապարակեր գնաճի վերաբերյալ տվյալները եւ այդպիսով անհարմար դրության մեջ չդներ վարչապետին ու Շաբոյանին: Ասենք, ԱՎԾ-ն համբերեր՝ մինչեւ հասարակությունը երանությամբ կմարսեր գների նվազման մասին «բալլադը»:

Բայց արի ու տես՝ ստացվեց որոշակի չհամադրված իրավիճակ, եւ վարչապետն ու Շաբոյանը հայտնվեցին բավական անհարմար վիճակում: Սակայն սա, իհարկե, առաջին անգամ չէ, երբ Հայաստանի կառավարման համակարգի աջ ձեռքը չի տիրապետում ձախի քայլերին եւ մտադրություններին: Օրինակ՝ հիշարժան է, թե ինչպես էր Հովիկ Աբրահամյանը նախարարներին հորդորում հասարակությանը տնտեսական աճի մասին պատմություններ պատմել: Իրականում ոչ մի նախարար այդպես էլ լուրջ չընդունեց այդ հորդորը եւ չստանձնեց հեքիաթասացի կարգավիճակը՝ լավ հասկանալով, որ երբ հասարակությունը «ժանտախտի» մեջ է, մեղմ ասած՝ նպատակահարմար չէ հեքիաթներ պատմել աճի մասին: Հովիկ Աբրահամյանը իր աճի հետ մնաց մենակ:

Այսօր նա մնացել է Շաբոյանի հետ մենակ: Սակայն դա, իհարկե, շատ բան չի փոխում կառավարման համակարգում ընդհանուր իրավիճակի մեջ, եւ նկատելի է, որ ոչ ոք չի ցանկանում լինել հասարակության ծանր սոցիալ-տնտեսական պայմանները թատերական մանիպուլյացիաներով քողարկելու անբարո գործի մասնակից: Համենայնդեպս, խուսանավում են՝ ինչքան կարող են՝ հասկանալով, որ մտնում են իսկապես ծանրագույն պատասխանատվության տակ:

Մեծ հաշվով՝ արդեն երկար ժամանակ Հայաստանում դրսեւորվում է կառավարման համակարգի ըստ էության ներքին մի ապստամբություն, այսինքն՝ ապստամբություն է այդ համակարգի ուղեղներում, որը առայժմ արտաքին դրսեւորումներ է ունենում նման «կիքսերի» տեսքով, սակայն այդ դրսեւորումները, անկասկած, կարող են խորանալ՝ իրավիճակի խորացման հետ մեկտեղ:

Իսկ իրավիճակը խորանալու է անկասկած, եթե Հայաստանում չեն ձեռնարկվում համակարգային փոփոխությանն ուղղված քայլեր, ընդ որում՝ ներքին եւ արտաքին ուղղություններով: Իրավիճակը խորանալու է, որովհետեւ այն խորանալու է նաեւ Ռուսաստանում: Իսկ Հայաստանը ռուսական համակարգի մաս է, եւ քանի դեռ Հայաստանը այդ համակարգի մաս է, մետաստազները լինելու են անխուսափելի, առավել ցցուն՝ դարձնելով դրանց համար պատասխանատվության դեմ ներհամակարգային ապստամբությունը:

Հայաստանում իշխանությունները իրենք իրենց երկար ժամանակ ջերմացրել են այն մտքով, որ Հայաստանի հասարակությունը ապստամբելու փոխարեն արտագաղթում է: Իշխանության մտքով իսկ չի անցել կառավարման համակարգի ապստամբության վտանգը: Իսկ այդ համակարգը արտագաղթողներից չէ: Նախ՝ որովհետեւ արտագաղթելու տեղ էլ չկա՝ Ռուսաստանում արդեն երեւի թե ավելի վատ է, եւ բացի այդ էլ՝ այդ համակարգում սովոր են հանրային միջոցների հաշվին ապրելուն, ոչ թե Ռուսաստանում ասֆալտ փռելու: Հետեւաբար նրանք չեն արտագաղթի, այլ կապստամբեն: Թե ինչ դրսեւորումով՝ արդեն գուցե նույնիսկ էական էլ չլինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին