Մտերմիկ զրույց Մեղրիում՝ «Ոսկեպարի» ցանկապատը գտնվել է, պարզվում է` Ագարակում է
Մեղրիում բնակիչների հետ զրույցում Բագրատ Սրբազանը պատմեց Շուռնուխում Նիկոլ Փաշինյանի ցույց տված հայտնի ցանկապատի պատմությունը: «Պատկերացրեք` գնացել եմ Տավուշ, հատ-հատ բոլորին հարցրել` ուր է ցանկապատը, չկա»,- ասաց Սրբազանը: Նրան մեղրեցիներից մեկը պատասխանեց. «Էդ ցանկապատը մեր մոտ ա, Ագարակի ճամփի վրա, էս անգամ որ եկել ա, նկարել ա, էլի»: «Ժողովո՜ւրդ, Գառնի՜կ, ցանկապատը գտնվել ա: Մեր հայրիկներն ասում են` Ագարակի ճամփի վրա է: Վերջապես գտնվել է»,- բացականչեց Բագրատ Սրբազանը: |
***
«Հայրենահանձման սարսափելի գործընթացը, այն աղետը, որ տեղի է ունենում Տավուշում, շատ շուտով հասնելու է Սյունիք, Գեղարքունիք, Արարատ և տևապես շարունակվելու է: Այս շարժումը ծնվել է` այդ գործընթացը կասեցնելու: Հաջողել ենք, թե չենք հաջողել, ես կասեմ, ինչ-որ չափով հաջողել ենք. պետք է գիտակցենք, որ մենք գործ ունենք մի ահռելի պետական կեղտոտ ապարատի հետ»,- Մեղրիում իր հրավիրած հավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը:
***
«Հանձն եմ առել, որ մինչև չարիքը չվերանա մեր երկրից, չեմ դադարելու գործելուց։ Անկախ նրանից ինչ կպատահի կյանքում, անգամ եթե մեն-մենակ մնամ, ո՛չ կուրանամ, ո՛չ կդավաճանեմ, հետևաբար այդ հանձնառությունը մեր շարժման դրոշն ու կնիքն է։ *** |
Մեղրիում կայացած հավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը ներկայացրեց Կիրանցում տիրող իրավիճակը. «Կիրանցում մի արժանապատիվ մարդ հրաժարվում է դուրս գալ իր փոքրիկ տնակ-վաճառատնից: 50 հազար դոլար են առաջարկում, որ դուրս գա: Տղան ասում է` այս տնակս 1000 դոլար էլ չարժի, դուք ինձ ինչու եք 50 հազար տալիս, ում փողից եք տալիս, որ բյուջեից, որտեղից եք տալիս, որևէ օրինական կետ կա՞, որ տալիս եք: հետո էլ ստիպում են, որ դիմում ստորագրեն` փոխհատուցման համար` երեք տեղ գրված` «խնդրում եմ»: Մարդուն տնից հանում են ու ասում են` մի հատ էլ խնդրեք, որ ձեզ փող տան: Այնպես են ձևակերպում, որ ստացվի` մարդն է խնդրում, որ իր տնից իրեն հանեն: Չի ավարտվել պատերազմը երբեք, թշնամուն ավելի են մոտեցրել մեր տներին»: *** |
«Տավուշում սահմանազատում-սահմանագծում տեղի չի ունեցել և որևէ տեղում չի լինելու: Լինելու է միայն հանձնել, հանձնել և միայն հանձնել: Մենք ականատեսն ենք հենց այս վերևում` Գորիս-Կապանի ու մյուս հատվածների ուղղակի հանձնմանը: Սա հակառակ է մեր Սահամանադրությանը, միջազգային սկզբունքներին: Ոչ մի երաշխավոր չկա: Թշնամին թելադրում է, սրանք էլ անում են: Դեռ չվերջացրած, հիմա էլ ասում է` Սահմանադրություն կփոխես: Ինչ թելադրում, այն էլ անում է: Մեր պայքարը սրա դեմ է, մեր ժողովուրդը պետք է հասկանա, թե ինչ է կատարվում»,- Մեղրիում քաղաքացիների հետ զրույցում նշեց «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը: |
***
«Մենք պետք է չարիքը կտրենք մեր երկրից: Այս պայքարի թիրախը չարիքն է, եթե այն վերացնենք, մեր կյանքի դժբախտությունները չեն լինի»,- Մեղրիում ընթացող հավաքի ժամանակ նշեց Բագրատ Սրբազանը: «Մինչև հիմա մենք փորձել ենք հասնել մի աստիճանի, որ կարողանանք այս մարդկանց հաշտության գաղափարով ճանապարհով: Բայց հունիսի 12-ը մեզ համար ջրբաժան էր: Բեկորային ռումբերը մարդկանց վրա է նետել այն կառավարությունը, որ հայտարարել էր, թե այլևս ռումբերը չեն պայթելու, ջրցան մեքենաները միայն ծաղիկներ են ջրելու: Ինչո՞ւ է մեր երկրում ամեն ինչ քայքայվում, որովհետև ստի վրա է հիմնված: Մեր շարժումն արժեքների փոփոխության մասին է, իսկ իշխանափոխությունը մի փոքր մասն է միայն: Եթե արժեքների փոփոխության չհասնենք, հաջորդ իշխանությունն ավելի վատն է լինելու, որովհետև հիմք չի ունենալու»,- նշեց նա: *** |
Մեղրիի բնակիչներն, ովքեր եկել էին Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու, հաստատեցին լրագրողի դիտարկումը, որ ոստիկանությունը նկարահանում է բոլոր մասնակիցների դեմքերը, անգամ նրանցն, ովքեր պատուհաններից են ողջունում: «Դա է պատճառը, որ շատերը վախենում են գալ Սրբազանի հետ հանդիպման»,- ասացին նրանք: Հարցին` իսկ ինչից են վախենում, ոստիկաններն ի՞նչ պիտի անեն, պատասխանեցին` Երևանում ի՞նչ արեցին: Մեղրեցիները նաև հավաստիացրեցին, որ իրականում Բագրատ Սրբազանին աջակցողների, նրան հավատացողների թիվը շատ-շատ է` չնայած հանդիպման եկածների սակավ քանակին: *** |
Մեղրիի բնակչուհին, ով եկել էր դիմավորելու Բագրատ Սրբազանին, լրագրողների հետ զրույցում նշեց, որ Մեղրիում կյանքը պատերազմից հետո չափազանց տխուր է: «Եկել եմ Սրբազանի մոտ, որովհետև հավատում եմ, որ նրա միջոցով հնարավոր կլինի ինչ-որ բան փոխել»,- ասաց նա: |