«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակում
Սիրելի հայրենակիցներ, խորհրդարանական երեք խմբակցությունների համագործակցության արդյունքում ձեզ այդպես էլ չներկայացվեց ամբողջական իշխանափոխության միասնական գործողությունների առաջարկ և իրականացման ժամանակացույց:
Քաղաքական վիճահարույց ընթացքը անհրաժեշտություն է առաջացրել խմբագրելու մեր պայքարի քաղաքական մարտավարության, ռազմավարության, համագործակցության և դիմադրական էներգիայի հզորացման հարցերը։
Միասնական հրապարակի առջև քաղաքական գործիչների գործողությունները չեն կարող սահմանափակվել անհատական կամ կուսակցական տեսակետների հիման վրա հայտարարություններով: Ներկայիս անհրաժեշտ հրամայականն է՝ ստույգ ժամանակացույցով բողոքի, դիմադրության և ընդվզման գործողությունների նախաձեռնումը:
Հետևաբար՝ միացյալ օրակարգը և միացյալ առաջնորդությունը ձևավորելու նպատակով Րաֆֆի Հովհաննիսյանը նախաձեռնում է հրապարակային հանդիպումներ.
2014 թվականի դեկտեմբերի 5-ին, ժամը 17:00-ին` Երևանի Ազատության հրապարակում, դեկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին` Վանաձորի Արցախ պուրակում, և նույն օրը, ժամը 17:00-ին` Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատերական հրապարակում:
Այդ հանդիպումների օրակարգում են լինելու նաև ԴԻՄԱԴՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԶՈՐԱՑՄԱՆ գործիքների կիրառման ձևերի և իրագործման քննարկումները:Ուրեմն, սիրելի հայրենակիցներ, հանդիպում ենք՝ 2014 թվականի դեկտեմբերի 5-ին, ժամը 17:00-ին` Երևանի Ազատության հրապարակում, դեկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին` Վանաձորի Արցախ պուրակում, և նույն օրը, ժամը 17:00-ին` Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատերական հրապարակում:
Միջոցները բազմաթիվ են և իրագործելի են մեր կամքով՝ բողոքի համատարած ցույցեր, գործադուլներ, նստացույցեր, իշխանության հարկային տեռորի դեմ անհնազանդություն, Սերժ Սարգսյանի ու նրա խմբի անդամների նկատմամբ «Հայ ժողովրդի դատարանի» կողմից հանրային դատավարության անցկացում և այլն:
Ժամն է հեռացնել խավարի իշխանությունը և վերացնել մեզանում իշխումը խավարի։
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն