▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ջամբո» կենդանաբանական այգու տնօրենը` վարակակիր կապիկներ ունենալու մասին

Երեկ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը` Գեղամ Ասլամազյանը, տեղեկություն էր տարածել այն մասին, որ Գվինեայից Հայաստան են ներկրվել բոնոբո տեսակի երկու կապիկներ, որոնցից մեկը սատկել է անհայտ պատճառներով, իսկ մյուսը` գտնվում է Ջամբո էկզոտիկ կենդանաբանական այգում: Նյութում մասնավորապես նշվում էր.

«Խնդիրը նրանում է, որ Գվինեան հիմա հանդիսանում է սարսափելի Էբոլա վիրուսի հիմնական օջախներից մեկը, իսկ բոնաբո կապիկները կարող են լինել այդ վիրուսի կրող:Ողջ մնացած կապիկն էլ պահում էն «Ջամբո պարկ» անունը կրող ռեստորանում, որը Ձորաղբյուրում է: Աֆրիկայում Էբոլա վիրուսն արդեն հարյուրավոր կյանքեր է խլել, իսկ դրանով վարակված մարդկանցից միայն ամեն 10-րդն է ողջ մնում»:

Այս խնդրի վերաբերյալ Asekose.am-ի թղթակիցը կապվեց «Ջամբո»կենդանաբանական այգու տնօրեն Արտյոմ Վարդանյանի հետ` պարզելու` որքանո՞վ են այս տեղեկությունները համապատասխանում իրականությանը, արդյո՞ք կենդանաբանական այգի այցելողներին որևէ վտանգ սպառնում է, թե ոչ:

«Այն բոլոր մարդիկ, ովքեր ինչ-որ կասկածներ ունեն, թող ուսումնասիրեն, թե իրենից ինչ է ներկայացնում էբոլա վիրուսը: Այդ վիրուսի ինկուբացիոն շրջանն առավելագույնս 21 օր է տևում: Ի տարբերություն շատ հիվանդությունների` այն չունի թաքնված շրջան: Սա աֆրիկյան հիվանդություն է: 21 օր հետո այդ վիրուսով վարակված կենդանիները մահանում են, իսկ իմ կապիկները ինձ մոտ են 2012թ-ից: Այդ գրողն ուղղակի անգրագետ, տգետ մարդ է, ում հաճելի է, որ իր մասին վատ մեկնաբանություններ գրեն»,-մեզ հետ զրույցում պատասխանեց Արտյոմ Վարդանյանը:

Ըստ նրա` բոնոբո տեսակի կապիկ արդեն 10 ամիս է, ինչ «Ջամբո»-ում չկա և եթե անգամ լիներ էլ, նա չէր կարող վարակակիր լիներ, որովհետև բոլորն արդեն վաղուց մահացած կլինեին:

Արտյոմ Վարդանյանը նաև անդրադարձավ այն վարկածին, թե որքանով է հավանական, որ գրառումը պատվիրված լինի.

«Միանշանակ կարող եմ ասել, որ այո: Սա պատվիրված է: Ես ոչ մի խնդիր չունեմ, անգամ կարող են համապատասխան մասնագետներ ուղղարկեն, ովքեր կստուգեն իմ խոսքերի ճշգրտությունը»:

Պրն. Վարդանյանը զրույցի ընթացքում նշեց նաև, որ իր կենդանաբանական այգում կան բժիշկներ, կենդանիների հետ աշխատող մասնագետներ, ովքեր պարզապես այդ ամենը թույլ տալ չէին կարող: Ըստ նրա` դեռևս մի քանի տարի առաջ են սկսվել խոսակցություններ պտտվել, թե նա իբրև ոչ օրինական կերպով է կենդանիներ ներկրում Հայաստան.

«Կային հոդվածներ, որտեղ ասվում էր, թե «կանդրաբանդա»-ով են կենդանիները ներկրվել Հայաստան: Դրանք գրողներն այնքան տգետ էին, որ անգամ չգիտեին, թե որն է այդ բառի իմաստը»,- նշեց «Ջամբո» կենդանաբանական այգու տնօրենը:

Իսկ ինչ վերաբերում այն կապիկին, որը, ըստ գրառման հեղինակի, անհայտ պատճառներով սատկել է, պրն Վարդանյանը պարզաբանեց, որ այն մարդիկ, ովքեր շփվել են այդ կապիկի հետ այժմ ողջ-առողջ են:

«Այդ կապիկը սատկել է 2011թ-ին, իսկ թե կոնկրետ ինչից, չեմ կարող ասել: Միայն մեկ բան գիտեմ, որ այս ամենով տվյալ գրառում գրողը փորձել է իր վրա ուշադրություն սևեռել, այդքան բան»:

Asekose.am-ի թղթակցի այն հարցին, թե արդյո՞ք Արտյոմ Վարդանյանը մտադիր է պատասխանատվության ենթարկել ֆեյսբուքյան օգտատերին, նա պատասխանեց.

«Իհարկե, ես արդեն կողքիս ունեմ փորձառու փաստաբան, ով այդ ամենով կզբաղվի: Տվյալ մարդը սուտ տեղեկություններ տարածելու համար պետք է պատասխան տա և վստահ կարող եմ ասել, որ նա պատժվելու է: Ես, ստեղծելով այս ամենը, ցանկանում էի ընդամնեը որևէ մի լավ գործ անեի իմ ժողովրդի համար»:

 

Հեղինակ` Սաթենիկ Խաչատրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին