«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ իշխանությունն ամեն գնով փորձում է խոչընդոտել Կապանում ռուսական հյուպատոսության բացմանը։ Նման ցանկություն Ռուսաստանը վաղուց ուներ, իսկ ՀՀ իշխանությունները թեպետ թույլտվություն տվել են, Կապանի ղեկավար Գեւորգ Փարսյանն էլ հյուպատոսության համար տարածք է հատկացրել, սակայն տեղի ՔՊ ակտիվը, բնականաբար, բարձրագույն իշխանության դրդմամբ, արդեն քանի ամիս է՝ ակտիվ աշխատում է, որ գործընթացը չկայանա։
Կապանում ՌԴ հյուպատոսություն չբացելու ակտիվ ջատագովներից է ՔՊ-ական պատգամավոր Մարինա Ղազարյանը, ով անգամ ստորագրահավաք է նախաձեռնել, որ ներկայացնի ԱԳՆ-ին` կապանցիների անունից, թե դեմ են հյուպատոսություն բացելուն: Երեկ չկարողացանք նրա հետ կապ հաստատել ու հասկանալ՝ դիմե՞լ է ԱԳՆ-ին, թե՞ դա սոսկ ցանկություն է։
Ի դեպ, ՌԴ փոխարտգործնախարար Եվգենի Իվանովը վերջերս հայտարարեց, թե Մոսկվան ակնկալում է հյուպատոսությունը Կապանում բացել մոտ ապագայում՝ հստակ ժամկետ չնշելով։ 2023 թ․ նոյեմբերի 2-ին ՌԴ կառավարությունը հավանություն էր տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին։ Արարատ Միրզոյանը հաստատել էր, որ Մոսկվան Կապանում հյուպատոսություն բացելու ցանկություն ունի, Երեւանն էլ համաձայնություն է տվել։ Ներկայում Կապանում միայն մեկ հյուպատոսություն կա՝ Իրանինը, Ռուսաստանը Հայաստանում հյուպատոսություն ունի միայն Գյումրիում»: