«Հրապարակ» թերթը գրում է. «Լեւոն Յոլյանի՝ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար նշանակվելուց հետո նրա պաշտոնը Վերահսկիչ պալատում թափուր է մնացել։ Իսկ Իշխան Զաքարյանի տեղակալ դառնալու հավակնորդների պակաս չի զգացվում։
Մեր տեղեկություններով, գլխավոր հավակնորդը ՎՊ անդամ Սոնա Ղարիբյանն է։ Վերջինս թեեւ ինժեներ-էլեկտրամեխանիկ է եւ ավարտել է ՀՊՃՀ-ն, սակայն հաջող կարիերա է արել՝ էլեկտրամոնտաժողից դառնալով հաշվապահ, ապա հայտնվելով Կենտրոնական բանկում՝ բաժնի պետի պաշտոնում։ Հետո տեւական ժամանակ աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարությունում՝ որպես ֆինանսական վերահսկողության տեսչության պետ, որտեղ ավելի քան 600 մլն դրամի խախտում է հայտնաբերել հարկայինում՝ սկիզբ դնելով ֆինանսների նախարարություն-ՊԵԿ հակամարտությանը։ 2015թ. փետրվարին ՀՀԿ-ական Սոնա Ղարիբյանը ՎՊ խորհրդի անդամ է դարձել:
Ասում են՝ նրա առաջընթացի հարցում մեծ դեր է խաղացել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ավելին՝ ՎՊ անդամ դառնալուց հետո ասեղնագործություն, երաժշտություն եւ գիրք սիրող կնոջը հաջողվել է դժոխքի վերածել Իշխան Զաքարյանի կյանքը՝ դառնալով Վերահսկիչ պալատի նախագահի գլխին իսկական վերահսկիչ: Իսկ եթե ճիշտ են մամուլում շրջանառվող լուրերը, որ վերեւներում քննարկվում է Իշխան Զաքարյանի պաշտոնանկության հարցը, չի բացառվում, որ ՎՊ նախագահի պաշտոնը հենց Ղարիբյանի համար են պատրաստում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում