Հայաստանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ուսանող, ազգությամբ հնդիկ Ռաուլ Անսարին ու մեր հայրենակցուհի Սյուզաննա Մովսիսյանը հանդիպել են 2008 թվականին: Ռաուլը հենց առաջին հայացքից նկատել և հավանել է իր հետ միևնույն երթուղայինում գտնվող Սյուզիին: Քանի որ ազատ տիրապետել է հայերենին, միանգամից փորձել է Սյուզիի հետ շփման եզրեր գտնել, բայց սկզբում չի ստացվել: Սակայն, ինչպես ասում են, Ռաուլի մեծ սերն ու համառությունը հաղթել են:
Հանդիպումից երեք ամիս անց ինտերնացիոնալ զույգն արդեն ամուսնացել է Հայաստանում և որ ամենակարևորն է նրանք ունեցել են հայկական բոլոր ավանդույթներով հարսանիք:
«Հենց տեսա Սյուզիին իր սպիտակ մաշկով ու բաց գույնի աչքերով, միանգամից իմ մեջ մտածեցի` վերջ, այս աղջկա հետ ես պիտի ամուսնանամ ու ամուսնացա»,-Asekose.am-ի հետ զրույցում պատմում է Ռաուլն ու ավելացնում,-«Ծնողները սկզբում դեմ էին` ասում էին` իրենց միակ աղջիկն է, դեռ 18 տարեկան է, բայց երբ տեսան, որ Սյուզիին շատ եմ սիրում, լավ տղա եմ /ժպտում է...As./ ու խոստացա, որ ավանդական հարսանիք կանենք, քիչ-քիչ համակերպվեցին»:
Զույգն ամուսնությունից հետո տեղափոխվել է Ռաուլի հայրենիք` Հնդկաստան: Սյուզին շատ արագ հնդկերեն է սովորել, ինտեգրվել է հնդկական հասարակությանը, բարքերին: 2010թվականին ծնվել է նրանց առաջնեկը` Սուհաննան: «Մեծ աղջիկս Սուհաննան արդեն 4 տարեկան է, խոսում է և՛ հայերեն, և՛ հնդկերեն, և՛ մի քիչ էլ անգլերեն: Հետաքրքիրն այն է, որ հենց գնում ենք Հնդկաստան, սկսում է հնդկերենով շփվել, իսկ Հայաստան վերադառնալուն պես միմիայն հայերեն է խոսում»:
Անսարիների ընտանիքի փոքր դուստրն էլ` Սահաննան, մոտ 1,5 տարեկան է: «Անգամ աղջիկներիս անունների ընտրությունն ենք այնպես արել, որ և՛ հայկականին մոտ լինի, և՛ հնդկականին: Կնոջս անունը Սյուզաննա է, զոքանչինս` Սուսաննա, այդ պատճառով աղջիկներիս այս երկու անուններին մոտ անուն ընտրեցինք` Սուհաննա և Սահաննա»,-անկեղծանում է Ռաուլը:
Որպեսզի հայ-հնդկական զույգից որևէ մեկը շատ չհեռանա իր հայրենիքից, արմատներից, դե իսկ երեխաներն էլ նաև հայեցի դաստիարակությամբ մեծանան, Ռաուլն ու Սյուզին հետաքրքիր լուծում են գտել` տարվա մեջ 3 ամիս նրանք ապրում են Հայաստանում, 3 ամիս` Հնդկաստանում և այսպես շարունակ:
Ռաուլը Հնդկաստանում տրիկոտաժի արտադրությամբ է զբաղվում, և քանի որ Հայաստանում գտնվելու ժամանակ ևս ընտանիքի հայրը պետք է իրենց ապրուստը հոգար, Սյուզիի օգնությամբ հետաքրքիր նախաձեռնությամբ են հանդես գալիս, որ կարևոր է նաև հայ-հնդկական մշակութային և առևտրային կապերն ամրապնդելու տեսանկյունից:
«Մի քանի տարի է, ինչ Հայաստանում հնդկական ապրանքների ցուցահանդես-վաճառք ենք կազմակերպում: Սկզբում փորձնական արեցինք նման մի բան, հետո հասկացանք, որ հնդկական ապրանքները դուր են գալիս հայերին, քանի որ որակյալ են ու դրա հետ մեկտեղ նաև էժան: Այդպիսով` այն դարձավ շարունակական»,-Asekose.am-ին փոխանցեց Հայաստանը, հայերին ու մեր խոհանոցը շատ սիրող Ռաուլը:
Տեղեկացնենք, որ այս տարի ևս` մայիսի 9-18-ը ք. Երևան, Կոմիտաս 49/9 հասցեում կկայանա Ռաուլի և Սյուզիի համատեղ նախաձեռնությունը` հնդկական ապրանքների ցուցահանդես-վաճառքը:
Հեղինակ`
Անի Միրաքյան