▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իսկ Արարատ Միրզոյանն ադրբեջանական կողմի հայտարարությունները կարդո՞ւմ է»

Սուրբ Աննա եկեղեցու բակում հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին լրագրողը հիշեցրեց, որ քիչ առաջ Արարատ Միրզոյանը Կիպրոսում կրկին խոսել է այսպես կոչված խաղաղության խաչմերուկի մասին: «Իսկ Արարատ Միրզոյանն ադրբեջանական կողմի հայտարարությունները կարդո՞ւմ է: Որովհետև այնտեղ ոչ խաղաղության մասին խոսք կա, ոչ բարեկամության, ոչ թշնամանքը փակելու մասին խոսք անգամ: Ինքը ո՞ւմ հետ ա ուզում էդ էջը փակի: 4 կողմից սահմանները փակ, իրենք խաղաղության խաչմերուկի ծրագրով թափառում են ամբողջ աշխարհում: Անլուրջ մարդիկ, որ մեզ տանում են նոր արհավիրքների: Ինքը չէ՞ր ասել, որ նոյեմբերին մեզ սպասում է ռազմական ագրեսիա: Էսօր էլ ասում ա` ուզում ենք բարեկամություն անել»,- նշեց Ղազարյանը:

***

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը Կիպրոսի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին։

«Մենք սերտորեն համագործակցել ենք և շարունակելու ենք այդպես համագործակցել այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում են խնդիրներ, այդ թվում՝ հումանիտար բնույթի, որոնց մեր ժողովուրդները բախվել են հակամարտությունների և դժվարությունների հետևանքով: Մենք բարձր ենք գնահատում այն ​​օգնությունը, որը Կիպրոսը տրամադրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին։
Հարգելի՛ գործընկերներ, ինչպես մենք ապացուցել ենք մեր գործողություններով, Հայաստանը հավատարիմ է խաղաղությանն ու կայունությանը։ Այս առումով մենք միշտ համերաշխություն ենք հայտնել Կիպրոսի Հանրապետությանը՝ աջակցելով Կիպրոսի խնդրի արդար և կայուն լուծում գտնելու ջանքերին՝ համաձայն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի և միջազգային իրավունքի:

Մեր հանձնառությունն արտացոլված է նաև մեր անմիջական հարևանությամբ՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու տեսլականում։ Այսպիսով, հարգելի՛ ներկաներ, ես իմ գործընկերոջը ներկայացրել եմ վերջին քննարկումները, այդ թվում՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորության շուրջ, որն ամրագրում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա: Ընդգծել եմ նաև նույն հռչակագրի և, հետևաբար, 1991 թ. սահմանի հիման վրա սահմանազատման գործընթացի շարունակականության ապահովման կարևորությունը: Կարծում եմ՝ այս դիրքորոշումը և՛ հստակ է, և՛ հետևողական: Բացի այդ, այն ավելի է զարգացվել նաև սահմանային միջադեպերի, ինչպես նաև սպառազինությունների վերահսկման մեխանիզմներ ստեղծելու մեր առաջարկներով, որոնց պատասխանները դեռ չենք ստացել, դրանք դեռ ուժի մեջ են: Կարծում եմ, որ մենք պետք է օգտագործենք ներկա պատմական պահը թշնամության էջը փակելու և կարևոր խաչմերուկում գտնվող ողջ տարածաշրջանի տնտեսական զարգացման և բարգավաճման համար ավելի լավ ապագա նախապատրաստելու համար», ի թիվս այլնի, իր խոսքում ասել է Միրզոյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին