«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի գործով: Իրավապահները մտել են Սյունիքի նախկին մարզպետի բարեկամների տները և փնտրել Տիգրան Խաչատրյանին, իսկ Տիգրան Խաչատրյանի բնակարան չեն այցելել, որպեսզի դատարանին կարողանան երկամսյա կալանքի հիմք ներկայացնեն՝ իբրև վարույթն իրականացող մարմնից խուսափում:
Ավելին՝ Տիգրան Խաչատրյանի փաստաբանը քննիչին միջնորդել է, որ կա մեկ վկա ու պատրաստ է ցուցմունք տալ, ուստի հարցաքննեն վկային, սակայն քննիչը մերժել է։ Մերժման մեջ ներկայացրել են այն պատճառաբանությունը, որ վարույթն իրականացնող մարմինը ինքն է որոշում՝ ում, երբ հարցաքննի։
Այս ամենը արվում է միայն մեկ պատճառով, որպեսզի կարողանան պահպանել առաջադրված մեղադրանքը, այն է՝ խուլիգանություն։ Իսկ, ահա, նախկին մարզպետի որդին չկա ու չկա։ Նախաքննական մարմինը հրաժարվում է գործի մեջ ներգրավել վկային. միգուցե նա կարևոր բան կարող է ասել, ինչը կօգնի քննության ընթացքին կամ կխանգարի իրավապահների գործին։
Հիշեցնենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) որդու` Տիգրան Խաչատրյանի նկատմամբ դատարանը որոշում էր կայացրել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Ինչպես հայտնել էր ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը, դատարանը բավարարել էր ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունից ներկայացված միջնորդությունը։ Բանն այն է, որ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցված hրազենի ապօրինի շրջանառության և խուլիգանության համար, որը կատարվել է զենքի գործադրմամբ։