LN-ի հարցազրույցը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Գնել Ուլիխանյանի հետ ներկայացնում ենք նաև մեր ընթերցողների ուշադրությանը:
-Ինչպե՞ս կատարեցիր մասնագիտական ընտրությունը: Պրոֆեսիոնալ առաջին քայլերդ հիշո՞ւմ ես:
-Այլ մասնագիտություն, վստահ եմ, չէի կարողանա ընտրել. իմը դա էր: Որոշեցի ընդունվել Երեւանի թատրոնի ե կինոյի պետական ինստիտուտ: Պրոֆեսիոնալ առաջին քայլերս արել եմ հենց առաջին կուրսում. սովորելուն զուգահեռ խաղում էի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ մասսայական տեսարաններում:
- Իսկ Սունդուկյանի բեմում խաղալը քեզ համար երազանք եղե՞լ է:
-Միշտ էլ առանձնահատուկ վերաբերմունք եմ ունեցել Սունդուկյան թատրոնի նկատմամբ. մայր թատրոնն է, այդ բեմում հանճարներ են խաղացել, հիմա էլ տաղանդավոր արտիստներ են աշխատում ու ստեղծագործում, եւ ես ուրախ եմ, որ խաղում եմ նրանց կողքին:
- Ի՞նչ զգացողություններ ունեցար, երբ առաջին անգամ հանդես եկար այդ բեմում, հիշո՞ւմ ես քո առաջին բեմելը:
-Հիշում եմ՝ Հրանտ Մաթեւոսյանին նվիրված հոբելյանական երեկոյին առաջին անգամ բեմ բարձրացա, այդ ժամանակ չէի գիտակցում պահի լրջությունը: Հետո, տարիների ընթացքում սկսեցի սիրել թատրոնը՝ ապրելով այնտեղ:
- Թատրոնում խաղացածդ դերերից կա՞ մեկը, որն ամեն անգամ խաղալիս մեծ անհանգստություն ու հուզմունք ես ապրում:
-«Ջոն արքա» ներկայացման մեջ «Արթուր»-ի դերը խաղալիս միշտ շատ աչալուրջ եմ լինում. կարծում եմ՝ շատ դժվար դեր է:
-Այնուամենայնիվ շատերը քեզ ճանաչում են երևի թե սերիալներից. դա քեզ չի՞ նյարդայնացնում:
-Իհարկե ո՛չ, ես այնտեղ էլ իմ գործը արդար եմ անում:
- Ի՞նչ ես կարծում, այն սերիալները, որոնցում դուք՝ դերասաններդ, այժմ խաղում եք, մասնագիտական աճի որևէ հնարավորություն տալի՞ս են:
-Սկսնակ դերասանները, նկարահանվելով սերիալներում, կունենան մասնագիտական աճ:
- Դեռևս երիտասարդ դերասան ես ու հավանաբար ունես երազած դերեր, կասե՞ս՝ որոնք են:
-Ունեմ երազած դերեր. շատ կուզեի մի օր խաղալ «Արա Գեղեցիկ», ինչպես նաեւ «Համլետ»:
- Անցյալի և ներկայի հայ դերասաններից ո՞վ է քեզ համար չափանիշ, կա՞ նման մեկը:
-Չափանիշ չգիտեմ, բայց կան դերասաններ, որոնց խաղից միշտ մեծ բավականություն եմ ստացել, իսկ Մհեր Մկրտչյանի ու Խորեն Աբրահամյանի արվեստը դերասանական հանճարեղ դպրոց է:
- Գնե՛լ, հյուրախաղերով եղել ես նաև դրսում՝ մասնավորապես Անգլիայում, ի՞նչ տարբերություններ ես զգացել մեր և դրսի հանդիսատեսի միջև:
-Լոնդոնի հանդիսատեսը շատ էմոցիոնալ էր:
- Ունե՞ս երկրպագուհի, ում յուրաքանչյուր ներկայացման ժամանակ փնտրում ես հանդիսատեսի շարքերում:
-Ունեմ հավատարիմ երկրպագուհիներ, որոնց միշտ տեսնում եմ հանդիսատեսի շարքերում, բայց որևէ մեկի կոնկրետ չեմ փնտրում:
-Հեշտությա՞մբ ես ճանաչում աղջիկներին, թե՞ նրանց հաջողվում է քեզ խճճել:
-Ո՛չ, կարողանում են ինձ խաբել, բայց դա ինձ դուր է գալիս:
- Մտապատկերումդ կա՞ այն աղջիկը, ով ապագայում կլինի կողքիդ:
-Չէ՛, դեռ նրան չեմ պատկերացնում:
- Կասե՞ս՝ ի՞նչն է քեզ համար անհանդուրժելի աղջիկների մեջ:
-Անհանդուրժելի ոչինչ չկա աղջիկների մեջ. աղջիկները շատ կարեւոր դեր ունեն մեր կյանքում ու պետք չէ նրանց մեջ անհանդուրժելի բաներ փնտրել: Նրանք բոլորը ծաղիկներ են, պարզապես՝ տարբեր:
- Իսկ ի՞նչն է կանացի բնավորության մեջ քեզ անդադար զարմացնում:
-Միշտ զարմացել եմ կանանց մտքի թռիչքից. զարմանալի երեւակայություն ունեն:
- Ասում են՝ կանացիությունն ամենամեծ զենքն է, որով կարելի է գրավել տղամարդուն, համամի՞տ ես, քեզ համար ո՞րն է այդ զենքը:
-Այդպես է, կանացիությունն իրոք ուժեղ զենք է: Շատ եմ սիրում, երբ կինն ակնհայտ կանացի է լինում. դա ինձ խենթացնում է:
-Ըստ քեզ՝ կանացիության այդ բանաձևը ո՞րն է:
-Եթե բանաձևն իմանայի, անհետաքրքիր կլիներ: Այդ բանաձևը երևի գիտեն միայն իրենք՝ կանայք:
- Ի՞նչ ակնկալիքներ ունես 2013 թվականից:
-2012 թ.-ը իմ տարին էր, ու բոլոր սպասելիքներս արդարացվեցին: Այս տարի օձի տարի է ու պետք է օձին բնորոշ ճկուն ուղեղով մտածել, որպեսզի նոր հորիզոններ բացվեն ե՛ւ անձնական կյանքում, ե՛ւ կարիերայում: Իսկ ճանապարհները թող էլի տանեն Լոնդոն: