Այսօր նշանավոր գրող, քաղաքագետ, փաստաբան և բարեգործ Գրիգոր Զոհրապի ծննդյան օրն է:
Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականին Կ. Պոլսի Պեշիկթաշ թաղամասում: դաժանորեն սպանվել է 1915 թվականի հուլիսին` աքսորի ճանապարհին:
Ներկայացնում ենք գրողի «Ճիտին պարտքը» նովելից մի հատված:
Սեւ կաշիե մեծկակ պայուսակ մըն էր զոր առտու իրիկուն իր ձեռքը բռնած կ'երթար փողոցներեն: Իր կյանքին անբաժան ընկերն էր այս տոկուն կաշիե պարկը, որով ամեն իրիկուն իր տան պիտույքը, հացն ու միսը կտաներ, կամ պտուղը իր երկու փոքր զավակներուն, որոնք դրան առջեւեն կբոլորվեին խոստումնալից ու խոստումնապահ այս պայուսակին շուրջը: Այս մարդուն բոլոր հոգնաջան վաստակը ու քրտնաթոր գործունեությունը անոր մեջն էր, դանայան տակառ զոր կլեցներ շարունակ երեսուն տարիներե ի վեր առանց հաջողելու: Իր կյանքի պայքարը հոն էր ամբողջ, ապրուստի խնդիր, որուն արհավիրքովը լեցուն էր միշտ այդ կաշիե պահարանը, իր մշտնջենական պարապությամբը. իր ուրախությունները ու ցավերն ալ հոն էին, իր հիշատակներն ալ: Աղեկ օրեր ու գեշ օրեր ուներ այդ տոպրակը. տիրոջը պես ճակատագիր մը հարափոփոխ, եւ անոր պես հոգի մըն ալ ուներ կարծես: Ո՞վ էր տերը այս երկուքին մեջ. երեսուն տարի վերջը, երբ ձախորդությունը իր երկաթի շրջապտույտ օղակով զինքը կպաշարեր, այս մարդը կհասկնար, որ այդ անզգա տոպրակը իր տերը եղած էր միշտ:
...
Տունը՝ ուրախ ու զվարթ էր. աղջիկները իր վիճակին վրա տեղեկություններ կ'ուզեին երբեմն. գուշակություններ, նախազգացումներ ունեին իրենց ներսիդին: -Գործերը ինչպե՞ս են, հայրիկ, - կ'ըսեր անդրանիկը: Ու կրտսերը՝ կապույտ աչվի, շուշանաթույր աղջիկ մը որ ճիշտ մորը պատկերն էր. -Այսչափ ուշ մի մնար: Հայրը կխնդար. ո՛չ գործերը գեշ չէին երթար. աստուծով ասկե վերջը ավելի պիտի բացվեին -Վաղը կանուխ եկու, եւ մեզ պտտցնելու տար: Ու ողորմելի հայրը կխոստանար, ամեն բան կխոստանար, կանուխ պիտի գար ու պտտցնելու պիտի տաներ այս հեք զրկյալ որբերը, որոնց էն աղվոր տարիները չքավորության մեջ կ'անցնեին. երեւակայեցեք ուղեւորություն մը, որուն է՛ն գեղեցիկ տեսարանը թյունելի մը անցք ըլլա, մութ ու քարակոփ պատեր, եւ որուն մյուս ծայրեն սպասված լույսի շառավիղը չտեսնես երբեք:
...
Ինչպե՞ս կ'ըլլա որ մարդ հացի մը ստակին կարոտը կքաշե կամ շոգենավի մի ստակ չվճարելուն համար կեցած տեղը կմնա գամված, անշարժ: Հուսեփ աղան հիմա այս խնդիրները կհարուցաներ մտքին մեջ, լուծելու կջանար, եւ փողոցին մեջ քալելով, իր դատարկ պայուսակը զգալով, շոշափելով մատներուն տակ, իր տունը փոխադրված կզգար ինքզինքը հանկարծ, իր սիրուն զավակներուն քովիկը, եւ պահ մը վերացած՝ կմոռնար ինքզինքը, իր ավուր հացի կարոտ մուրացիկ դիրքը, վայրկյան մը գոնե, հարուստ ու ամենակարող ըլլալու համար. այդ փոքրիկ տունը կձգեր, ավելի ճոխ բնակություն մը տալու համար իր զավակներուն. նոր զգեստներ, գլխարկներ, անոնց երիտասարդի բոլոր պահանջումներեն ավելի՛ն, շատ ավելին կուտար, ու հրճվանքնին տեսնելով կբերկրեր: Ի~նչ դյուրին ու ի~նչ դժվար երջանկություն: