ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշմանը:
Նրա փաստմամբ՝ Հայաստանում գոյություն ունի ՀՀ կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին ՀՀ նախագահի հրամանագիր, որի 90-րդ կետում ասվում է, որ կառավարության որոշումներն ընթանում են բաց քվեարկությամբ, եթե դրա օգտին քվեարկել են նիստին մասնակցող կառավարության անդամների կեսից ավելին: Ձայների հավասարության դեպքում վարչապետի ձայնը որոշիչ է:
«Կառավարության սեպտեմբերի 25-ի նիստի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Սուրիկ Խաչատրյանը նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզպետ: Կառավարությանը գրավոր հարցում էի ուղարկել, որպեսզի ստանամ քվեարկության արձանագրությունը, որը չի ուղարկվել: Անգամ հավաստիություն չեն ուղարկել, որ, ընդհանրապես, քվեարկությունը տեղի է ունեցել:Ի վերջո, քվեարկություն տեղի ունեցել է, թե՞ ոչ»,-հարցրեց պատգամավորը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանելով հարցին՝ նշեց, որ քվեարկությունը կատարվում է այնպես, ինչպես միշտ. հայտնում են՝ ովքեր են կողմ և դեմ:
Նիկոլ Փաշինյանը ձայնագրություն միացրեց, որից պարզ դարձավ, որ առաջարկվում է մարզպետ նշանակել Սուրիկ Խաչատրյանին: Վարչապետը հարցնում է ՝ կա՞ն հարցեր: Չկան: Մարզպետին նշանակում են ու շնորհավորում:
«Ոչ մի քվերակության, կողմի և դեմի մասին խոսք չի գնացել: Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզպետ չի նշանակվել: Նա Սյունիքի մարզպետ չի և չի կարող լինել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Տեսանյութը՝ a1plus.am-ի