▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւմ են մեղադրում «Ղռերի Ավոյին». մանրամասներ.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քրեական հեղինակություն Ավետիս Գրիգորյանը, որը առավել հայտնի է Ղռերի Ավո անվանմամբ, ինչպես նաեւ՝ նրա որդին կասկածվում են պարտքի պատճառով մարդ առեւանգելու մեջ: Ի դեպ, Ավետիս Գրիգորյանը եղել է «Զորավար Անդրանիկ» ջոկատի հրամանատարը:

Հիշեցնենք, որ երեկ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ոստիկանությունը ձերբակալել է քրեական հեղինակություն Ղռերի Ավոյին եւ նրա որդուն: Ըստ լուրերի` վերջիններիս ձերբակալել են անձի առեւանգման եւ ապօրինի ազատությունից զրկելու մեղադրանքով: Սակայն ավելի ուշ նրանց ազատ են արձակել: Բանն այն է, որ նախաքննական մարմինը` ՀՀ քննչական կոմիտեն, դիմել է Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` հոր եւ որդու նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանքը կիրառելու միջնորդությամբ, սակայն դատարանը մերժել է միջնորդությունը եւ 3 մլն դրամ գրավի դիմաց Ղռերի Ավոյին ու նրա որդուն ազատ է արձակել:

«Ժողովուրդ»-ին այս պատմության հետ որոշ մանրամասներ հայտնի դարձան: Ըստ այդ տեղեկությունների՝ ինչ-որ անձինք Ավետիս Գրիգորյանին գումար են պարտք եղել եւ ուշացրել են: Ավետիս Գրիգորյանը՝ տեսնելով, որ պարտքը չեն վերադարձնում, որոշել է հանդիպել պարտապանի հետ: Սակայն այն անձը, ում հետ հանդիպել է Գրիգորյանը, այդ գումարային պատմության հետ կապ չի ունեցել, այլ հանդես է եկել որպես միջնորդ: Սակայն զրույցը լարված ընթացք է ստացել, եւ Ավետիս Գրիգորյանը՝ տեսնելով, որ չի հաջողվում համաձայնության գալ, ըստ լուրերի՝ որոշել է առեւանգել միջնորդին: Ըստ նույն լուրերի՝ դեպքը տեղի է ունեցել Երեւանի «Հայբուսակ» համալսարանի հարեւանությամբ:

Ավետիս Գրիգորյանն իր որդու հետ նշված տարածքից բանագնացին առեւանգել եւ տարել են անհայտ վայր, մի քանի օր պահել, ծեծի ենթարկել, սակայն տեսնելով, որ միեւնույն է՝ այդ ճանապարհով չի ստացվում իրենց գումարը ետ ստանալ, նրան բաց են թողել: Ըստ նույն լուրերի՝ միջնորդին ազատ են արձակել` պարտքի դիմաց վերցնելով նրա ավտոմեքենան:

Ղռերի Ավոյի մասին

Ավետիս Գրիգորյանի անունը Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետ կապված շրջանառվել է: Գրիգորյանը դեռեւս 1999 թվականի ԱԺ ընտրություններում պատգամավորի թեկնածու է առաջադրվել, իսկ Դերենիկ Բեջանյանը` Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը կատարած խմբի անդամներից, եղել է նրա վստահված անձը:

Հոկտեմբերի 27-ի դեպքերի ժամանակ, երբ Նաիրի Հունանյանը եւ նրա հանցախումբը դեռեւս ԱԺ նիստերի դահլիճում են եղել, Դերենիկ Բեջանյանը զանգահարել է հենց այն խորտկարանը, որտեղ այդ պահին գտնվելիս է եղել Ավետիս Գրիգորյանը: Այն փաստը, որ Բեջանյանը նախապես իմացել է, թե այդ պահին որտեղ է լինելու Ավետիս Գրիգորյանը, բազմաթիվ կասկածների եւ քննարկումների տեղիք է դարձել: Ավելին՝ երբ Նաիրի Հունանյանի հանձնարարությամբ Դերենիկ Բեջանյանը զանգահարել է, նրան այն կողմից պատասխանել է ոչ թե խորտկարանի աշխատակիցը, այլ նրա վաղեմի ծանոթներից մեկը: 

Հենց այս հանգամանքն է եղել պատճառը, որ դեռեւս այն ժամանակ Հոկտեմբերի 27-ի գործը քննող իրավապահները լուրջ կասկածներ են ունեցել, որ Ավետիս Գրիգորյանը եւ նրա հետ այդ օրը խորտկարանում եղած մարդիկ առնվազն նախապես տեղեկացված են եղել, թե Նաիրի Հունանյանը եւ նրա հանցախումբը ինչ են պատրաստվում անել»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին