«Մենք գիտենք, որ մեր քայլն ամենաճիշտն է, իսկ , եթե մտածես, թե ինչ են ասելու դրա մասին` կգնաս այլ ճանապարհով: Շեքսպիրն ասում էր` կատուն կմլավի, շունն էլ կհաչի: Քառյակի վերջին նիստը, քննարկումներն ու եզրակացություններն անցել են շատ հանդարտ, փոխադարձ ըմբռնման մթնոլորտում: Մենք հասկացել ենք, որ կա առանցքային խնդիր, որի շուրջ տարաձայնություններ կան, բայց շարունակելու ենք համագործակցել»,-այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքին ՀՅԴ չմասնակցելու որոշման մասին` ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` մանրամասնելով, որ առաջարկել են խորհրդարանական համակարգին անցնելու հայեցակարգը ընդունելուց հետո նոր հանրահավաք կազմակերպել:
«Մենք առաջարկում էինք համատեղ մշակել առաջարկների փաթեթ, որ որոշումների ընդունումը թափանցիկ կդարձներ, կնվազեցներ իշխանությունների վերարտադրությունը: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն մեծամասնություն չպետք է լինի: Ասում ենք` եկեք, այս հարցը լուծենք: Ցանկանում էինք քննարկել, գտնել ոսկե միջինը և գնալ սահմանադրական բարեփոխումների, եթե այս կամ այն կետերը կատարվեին: Ցավոք, այս համաձայնությունը չկարողացանք ունենալ»,-մանրամասնեց Աղվան Վարդանյանը:
Ինչ վերաբերում է կարծիքներին, թե քառյակն իրականում քառյակ չէ, կոնկրետ ուժ կա, Աղվան Վարդանյանը նկատեց.
«Մենք ոչ իշխանության, ոչ ընդդիմության հետ նման հարաբերություններ չենք ունենա: Եթե ՀՅԴ-ի հետ փորձ արվի խոսել ոչ հավասարի դիրքերից, ապա տուժողները մենք չենք լինելու»:
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղարը համոզված է` այս համակարգը մեր երկիրը ոչ մի լավ տեղ չի տարել և չի տանի.
«Ունենք 23 տարվա փորձ, որ ընտրություններով իշխանափոխություն հնարավոր չէ: Մեր գործընկերներն ասում են` ինչպե՞ս էր, որ ՀՀԿ-ն դեմ էր խորհրդարանական համակարգին, հիմա կողմ է: Նախ ես վստահ չեմ, որ կողմ է: Մենք ունենք առաջարկությունների մեր փաթեթը, որը շուտով պատրաստ կլինի: Կա խորհրդարանական համակարգին անցնելու համար համապատասխան հանձնաժողովի հայեցակարգը, որը դեռ չեն ներկայացրել: Դրանից հետո նոր պարզ կլինի` իշխանությունը կգնա խորհրդարանական ընտրության, թե` ոչ: Կարող է լինել խորհրդարանական համակարգի տարբերակ, որը հնարավոոր է` վտանգավոր տարրեր պարունակի: Խորհրդարանական համակարգը միայն անունը չէ»,-եզրափակեց Աղվան Վարդանյանը:
Անի Կարապետյան