▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու էր Չինաստանն առաջարկում ճանաչել Արցախը դեռևս 1992 թվին…

Այսօր քչերը գիտեն, իսկ 1992 ամռանը կառավարությանը մոտ կանգնած շրջանակներում իրարանցում էր առաջացել ցնցող գաղտնի լուրից` Չինաստանը առաջարկել էր Հայաստանին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երեք թե չորս պայմանների դիմաց: Պայմաններն, ի դեպ, միանգամայն ընդունելի էին` Հայաստանը պարտավորվելու էր փոխարենը ճանաչել Թայվանը որպես Չինաստանի մաս եւ դիվանագիտական հարաբերություններ չհաստատել դրա հետ, կողմերը ձեռնպահ էին մնալու միջազգային ասպարեզում միմյանց հետ չհամաձայնեցված գործողություններից, եւ, ամենահետաքրքիրը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է հայտարարվեր սոցիալիստական երկիր: Փոխարենը Չինաստանը պարտավորվում է տրամադրել զգալի տնտեսական եւ ռազմական օժանդակություն: Ռուսաստանի եւ ԱՄՆ միջեւ խուսանավող Երեւանը մեղմորեն խուսափեց Պեկինի նման ընծայից, թեեւ որոշ ժամանակ անց Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ պատվիրակությունը աննախադեպ ջերմ ընդունելության արժանացավ Չինաստանում եւ առաջին մատակարարումները կայացան հենց զինվարական գծով: Ինչո’վ էր բացատրվում հսկայական Չինաստանի հետաքրքրությունը չնչին Հայաստանի հանդեպ, որի ողջ բնակչությունն ու բյուջեն հավասր է չինական մի կոլխոզի?

Բացատրությունը աշխարհաքաղաքականությունն է, հատկապես 90-ականների սկզբում Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Թուրգութ Օզալի մի անզգույշ հայտարարությունը, թե Թյուրքական Աշխարհը Ատլանտիկ օվկիանոսից ձգվում է մինչեւ չինական պատ: Տիբեթի անջատողականների հետ տասնամյակների ծանրագույն եւ հոգեմաշ պայքարից հետո, չինական կենտրոնական կառավարությունն այդ ժամանակ գիտակցեց երկրի ներսում նոր ու առավել մտահոգիչ հիմնախնդրի առաջացումը` թյուրքալեզու ագրեսիվ 13 միլիոնանոց ույգուրների առկայությունն այսպես կոչված Արեւելյան Թուրքեստանում: Ուղիղ գիծ քաշելով քարտեզի վրա սեփական սահմանից մինչեւ Թուրքիա, չինացիները հայտնաբերեցին միայն մեկ փոքր, սակայն բավական պինդ խցան թյուրքալեզու այդ ծովի հեղեղման ճանապարհին: Դա Հայաստանն էր: Անցած տարիներին ույգուրներն արեցին իրենցից կախված ամեն ինչ չինացիների կասկածներն եւ անհանգստությունը խորացնելու համար: Նրանք պարբերաբար ապստամբում էին Պեկինի դեմ, սպանում ոստկաններին ու հրկիզում հարեւան չինական գյուղերը, ու թեեւ կենտրոնական կառավարության պատասխանը մշտապես դաժան ու կոշտ էր, ույգուրների մահմեդական-սուննիթական համերաշխությունը իսլամ ցանկացած ծայրահեղականների հետ` Ալ-Քայիդայից մինչեւ “իսլամական ջիհադ” վերջնականապես դարձրեց Պեկինը հայկական անկախության համոզված ջատագով: Դրան առավել նպաստեցին Չինաստանի մտերիմ հարաբերությունները Իրանի հետ, որտեղ վաղուց արդեն կար սեփական եւ շատ համահունչ պատկերացում Հայաստանին աջակցելու ռազմավարական կարեւորության մասին: Դրա ամենախոսուն թեեւ քիչ լուսաբանված օրինակն է` Իրանի մշտական եւ արդյունավետ աջակցությունը Հայաստանին Արցախյան պատերազմի տարիներին: Այսպես, գրեթե անկախ մեր անզուգական իշխանությունների անշրջելի ապուշությունից, հայ ժողովուրդը ճակատագրի եւ աշխարհաքաղաքական իր դիրքի պատճառով ձեռք է բերել երկու հզոր, իրար լրացնող եւ միմյանց վստահող դաշնակիցներ հանձինս Պեկինի եւ Թեհրանի: Եւ քանի որ ե`վ Չինաստանը, ե`վ աճող չափով նաեւ Իրանը  հանդիսանում են  արեւմտյան քաղաքատնտեսական համակարգի կարեւորագույն բաղկացուցիչ մասը, ապա Սերժ Սարգսյանի այս օրերին կատարված պետական այցը Պեկին պետք է դիտել Հայաստանի նոր քաղաքական կողմնորոշման ենթատեքստում, որն այլեւս ոչ թե մեկ անձի որոշումն է, կամ դրսից հեռախոսային թելադրանք, այլ կոշտ եւ առանց այլընտրանքի տնտեսական ու քաղաքական միակ ելքը: Դրա մեջ ոչ մի նոր բան չկա` քսան մեկ դար առաջ դա արեցին երկու քաղաքական հսկաներ` Տիգրան Երկրորդն ու Միհրդաթ Պոնտացին, կապելով Եւրոպական նավահանգիստները պարթեւական քարավանային ճամփեքին դեպի չնաշխարհիկ Չին Աշխարհ: Դարեր անց դա անվանեցին Մետաքսե Ճանապարհ: Դրանով այսօր Հայաստան հասնում է ոչ միայն ճենապակի ու դարչին, ինչպես դարեր առաջ, այլ նաեւ համազարկային հրթիռային համակարգեր` ի պատասխան Բաքվին ռուսական զենքի վաճառքին:

Տիգրան Խզմալյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին