«Փաստ» օրաթերթը գրում է. «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովին, ավելի ստույգ՝ այդ հանձնաժողովի քպական անդամներին երկու օր շարունակ «հյուրընկալվել» էր գրեթե երկու տարի կալանքի տակ գտնվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։
«Փաստ» թերթի տեղեկություններով, Տոնոյանը հիասթափված է քննիչ հանձնաժողովում իր «հարցաքննության» ընթացքից։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, Դավիթ Տոնոյանը նախնական ազդակներ է ունեցել, որ իրեն վատ դրության մեջ չեն գցելու և չեն «նեղելու», սակայն այս երկու օրը տեղի ունեցածից հետո անգամ նրա մերձավոր շրջանակներից են ասել, որ պաշտպանության նախկին նախարարը չպետք է գնար հանձնաժողով և մասնակցեր իշխանության կազմակերպած այդ շոուին։ Մեր տեղեկություններով, Տոնոյանին ասվել է, որ նա ուղղակի պետք է հրաժարվեր հանձնաժողով ներկայանալու առաջարկից, քանի որ այդպիսով խայտառակ վիճակում հայտնվեց. բանն այն է, որ ստեղծված իրավիճակում իշխանություններն ամեն ինչ բարդում են նույն Տոնոյանի վրա. պատահական չէր, որ իր հարցազրույցներում անգամ Անդրանիկ Քոչարյանն էր ասում, թե ինքն այնպես է ընկալել, որ Դավիթ Տոնոյանն «ուզում է, ոնց որ թե, բոլորի մեղքը վերցնել իր վրա»։
Շատերի համոզմամբ, չնայած Տոնոյանը Նիկոլ Փաշինյանի հիմնական թիմակիցներից մեկն է եղել, բացի դրանից, իշխանության քարոզչության հիմնական ուղղություններից մեկի իրականացնողը, իսկ հանձնաժողովի նիստում էլ փորձում էր փրկել Նիկոլ Փաշինյանին, սակայն վերջինս սեփական իշխանությունը, առավել ևս՝ սեփական անձը փրկելու համար պատրաստ է ոչ միայն Տոնոյանին, այլև մնացած բոլորին «փուռը տալ»: