Հուլիսի 3-ին՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում հանդիսատեսը կվայելի պարային նոր բեմադրություններ և գեղեցիկ կատարումներ:
«Բավականին հետաքրքիր համարներ են սպասվում, ստեղծագործական տանդեմ ենք որոշել անել Զառայի հետ, միգուցե երգիչներ էլ կլինեն, բայց դա դեռ գաղտնիք է: Զառան կերգի, մենք մեր ծրագրով հանդես կգանք, օրիգինալ համարներ կլինեն: Տոնական համերգ կլինի, մարդկանց լավ տրամադրություն կփոխանցենք»,- Թերթ.am Life-ի հետ զրույցում պատմել է Սոֆի Դևոյանը:
Նա նշել է, որ ընթացքում դժվարություններ եղան, քանի որ համերգի օրը անսպասելի էր:
«Քանի որ ազատ օր և ազատ դահլիճ չկար, երեխաներս էլ պնդում էին, որ՝ «Ձեր ծնունդն է, միշտ նշում ենք», ասացի՝ ծնունդ չենք նշի, բայց համերգ կանենք: Մի քիչ հապշտապ ստացվեց, դեռ կիսատ բաներ ունենք զգեստների հետ կապված, բայց մի կերպ կհասցնենք»,- նշել է Դևոյանը:
Նրա խոսքով՝ շուրջ 2 ամիս աշխատում են համերգի շուրջ, փորձերն ավարտում են գիշերը 12-ին:
«Թոռնիկս՝ Սոֆին մեր 3-ից ամենաբծախնդիր է: Երբ, ես ասում եմ՝ «Սոֆա, շատ լավ էր, վերջացնենք», ասում է՝ «ոչ, պիտի մնան, նորից փորձենք»: Ես ավելի մեղմ եմ այդ հարցերում, ինքը շատ խիստ է:
Բայց մենք ո՛չ արվեստում, ո՛չ կենցաղում կոնֆլիկներ չենք ունենում, միշտ գալիս ենք կոմպրոմիսի»,-պատմել է Սոֆի Դևոյանը:
Նա նշել է, որ զուգահեռ նոր և օրիգինալ նախագծի վրա է աշխատում, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի հետ է իրականացնում:
«Ամսի 9-ին Պարի պետականը որոշել է ինձ նվիրված հոբելյանական համերգ կազմակերպել, մի քանի համար մենք ենք ներկայացնելու, հետո իրենք են պարելու: Իմ տարիքում, անկեղծ ասած, չեմ էլ ուզում հոբելյանական համերգներ անել, բայց առաջիկայում համերգների տեղատարափ է լինելու, 1000-ից ավելի երեխա պիտի բեմ բարձրացնեմ Սունդուկյան թատրոնում, մենապարերի համերգներ էլ ունենք»- պատմել է պարուհին:
Անդրադառնալով Կառավարության որոշմանն, ըստ որի՝ Ժողովրդական արտիստի կոչում այլևս չի լինելու, տիկին Դևոյանն արձագանքել է.
«Ես լիովին համաձայն եմ, ամբողջ աշխարհում նման բան չկա, դա սովետական միությունից է մնացել: Գուցե գտնեն մեկ այլ տարբերակ արտիստին գնահատելու համար, բայց ոչ ժողովրդականի կամ վաստակավորի կոչում, դա ոչինչ չի տալիս, եթե դու չունես հանդիսատեսի սերը:
Յուրաքնաչյուրին հաճելի է իմանալ, որ քեզ գնահատում են: Մշակույթի նախարարությունը վաղ թե ուշ կգտնի ճիշտ տարբերակ արվեստագետներին գնահատելու համար: Ես շատ հանգիստ եմ վերաբերվում այս որոշմանը, ի՞նչ պիտի ավելանար, եթե ես հիմա լինեի Ժողովրդական արտիստ, դուք նույնկերպ կվերաբերվեիք ինձ ինչպես վերաբերվում եք: Ավելի կարևոր է, որ իրոք աշխատես քո ազգի, երկրի համար ինչ-որ բան անես: Ես քանի՞ սերունդ եմ կրթել, նրանք միայն պարել չեն սովորել:
Որքան էլ այսօր ամեն ինչ շատ հասանելի է դարձել, բայց, ես կարծում եմ, որ նրանց պետք է կրթել: Մենակ պարը դա ոչինչ է: Երեխան փոքրուց պետք է զարգացած լինի, հասկանա յուրաքանչյուր երկրի կերպարը: Իմ սաները փոքր երեխաներ են՝ 3-16 տարեկան, բայց տարեվերջին պարուն եմ աշխարհի բոլոր պարերը: Կարծում եմ, եթե բեմադրում ես հնդկական պար, պարտավոր ես պատմել Հնդկաստանի մասին, պարի մասին, ինչի համար է տվյալ ժեստը:
Ես ինձ երջանիկ եմ համարում, որովհետև իմ բոլոր երեխաները տարիներ անց իմ հետ կապ են պահում, դա ավելին է քան ժողովրդականի կոչումը»,- ամփոփել է Սոֆի Դևոյանն ու բոլորին խորհուրդ է տվել զբաղվել այն գործով, որը սիրում են. «Դա է երջանկությունը»: