▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ էլ լինի, այստեղից գնացողը չենք. 55 տարվա համատեղ կյանք՝ սահմանագլխի տանը

Երբ հասանք  սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղ, արդեն իրիկնանում էր...

Դեռ 90-ականներից մնացած ավերակներն ու փամփուշտների թարմ  հետքերն անմիջապես հիշեցնում են 25 տարի չդադարած պատերազմի մասին:

Դիմացը՝  ընդամենը հաշված մետրեր հեռավորության վրա,  ադրբեջանական գյուղն է,  թշնամու դիրքերը,  որտեղից ժամանակ առ ժամանակ ու շատ հաճախ լսվում է գնդակների մահաբեր որոտը:

Գյուղում խաղաղ իրիկնամուտ է, հարաբերականաորեն խաղաղ….   Ու ավելի խորությամբ ես ընկալում խաղաղության գինը, երբ գիտակցում ես, որ յուրանքաչյուր վայրկյան կարող ես այն կորցնել…

Գյուղի ամբողջ տարածքը նշանառության տակ է, յուրաքանչյուր հաջորդ վայրկյանը՝ անկանխատեսելի…

Բացում եմ  Արամ պապի ու Վարդուհի տատի տան դարպասը:  

Առաջինն ուշադրությունս գրավում է բակից այնքան պարզ, ասես ափիդ մեջ երևացող ադրբեջանական Ալիբեյլին:

Երկրրորդ հարկն ամբողջությամբ  ավերակի վերածված, պատերազմի դրոշմն անմիջականորեն իր վրա կրող տունը, բակից  երևացող ադրբեջանական գյուղն ու խնամքով աճեցրած  վառ կարմիր կակաչներն իրարամերժ զգացողություններ են առաջացնում, տակնուվրա անում մտքերս:   

Որքան դրսից  սառն ու մռայլ են թվում ավերված պատերը, այնքան մթնոլորտը ներսում ջերմիկ է: Տատը հեռուստացույց է դիտում, պապը սենյակում չէ:

80-ամյա Վարդուհի տատն ու Արամ պապն  արդեն 55 տարի միասին ապրում են սահմանագլխի իրենց տանը՝ իրենց թանկ ու անփոխարինելի օջախում: Այստեղ են ապրում ու արարում, չնայած բոլոր դժվարություններին: Մեկ օր անգամ չեն կարողանում կտրվել տնից՝ անգամ ամենաուժեղ կրակոցների ժամանակ:

Զավակները, թոռները հաճախ են գալիս այցելության: 4 զավակ, 11 թոռ ու 6 ծոռ ունեն:

Պատերազմի արհավիքրներից գրեթե ոչ մի ընտանիք  այստեղ անմասն չի մնացել:

1992 թվականի ապրիլի 6-ին հրետակոծությունից  տունը հրդեհվել  ու փլատակի է վերածվել: Ինչպես Վարդուհի տատն է հիշում.

«Արամը դիրքերում էր: Տեղեկացրել էին, որ տունը վառվում է: Իրավունք էին  տվել, ուղակել: Հենց տեղ հասավ, երկրորդ անգամ  կրակեցին, արդյունքում՝ թևը կորցրեց: Մեզ տեղափոխեցին Բերդ»:

«Խփեց պատին, հետո թևիս»,- տատին լրացնում է այդ պահին ներս եկած Արամ պապը:

«Շատ դժվարություններ կրեցինք, չնայած մի ամերիկահայ բարերար այդ օրերին մեզ օգնել է, ինչի համար մինչ օրս օրհնում ենք նրան: Մեր կենադանիներն  վաճառեցինք, Բերդում տուն գնեցինք երեխաների համար, մենք կրկին վերադարձանք ու ապրում ենք մեր պապական ավերակներում»,-շարունակում է Վարդուհի տատը:

 «Չենք կարող այստեղից կտրվել, հնարավոր չի»,- կրկին լրացնում է Արամ պապը:

Հողամասը սահմանին ամենամոտ գտնվողներից է ու շատ ընտանիքների նման չեն մշակում: Արդեն երրորդ տարին է՝ չեն օգտվում հողատարածքից:

«Հենց սկսեցին կրակել, տղաս արգելեց այդ հողը մշակել, ասաց ՝ես կգնամ կմշակեմ,  Արամն էլ պայման դրեց, թե եթե ես չեմ գնում, դու էլ չես գնա»,-պատմում է տատը:

Շատ-շատերի նման տատն ու պապը  կրակոցների ժամանակ չեն պատսպարվում.

«Մտնում ենք մեր տուն, ուր պիտի գնանք, այ բալա… Մի քանի օր է, որ չեն կրակում, վերջերս էլ մինչև լուսանալը կրակեցին: Վարագույրներ ենք քաշել այս անգամ՝ լույսը քողարկելու համար: Դա է փրկությունը»,- պատմում է Արամ պապը:

Իսկ տատն անմիջապես լրացնում է.

«Հա, միշտ էլ կրակում են, երբ ցանկանում  են: Չեն էլ մտածում, որ ժողովուրդ է ապրում, վնաս կտան, հետաքրքիր չի իրենց, անում են այն, ինչ ուզում են: Մի ժամանակ միայն դիրքերի վրա էին կրակում, հիմա՝  գյուղի: Մինչև մերոնք չեն պատասխանում, չեն  լռվում»:

Որպես ամենահրատապ խնդիր՝ զրուցակիցներս առանձնացնում են հողերը չմշակելու խնդիրը.

Արամ պապի խոսքով.

«Հողատարածքներ ունենք ու չենք կարողանում մշակել:  Գյուղացին եթե հող չմշակի, արտ չունենա, ինչո՞վ ապրի: Նույնիսկ տնամերձ հողակտորներում վախենալով ենք աշխատում: Մեր հարևաններից մեկը նախանցյալ տարի գիշերը գնացել էր այգին սրսկելու, լուսադեմին կրակել էին ոտիքն, մինչև հիմա վիրահատվում է»:

Վարդուհի տատն իր սրտի խոսքն է ուղղում երիտասարդներին ու կիսվում ամենանվիրական ցանկությունով.

«Ջահելներն արտագնա աշխատանքի են գնում տուն չկա, որ դրսում մարդ չունենա: Բայց ի՞նչ անես, չես մեղադրի: Չէի ցանկանա, որ ջահելները մնան ու մեզ նման տանջվեն, բայց չեմ էլ ուզում, որ գնան գյուղից: Ուզում եմ մնան իրենց հայրենիքում, հայրենի գյուղում, ծաղկումն էլ տեսնեն, Աստված մի արասցե՝ վատ օրերն էլ: Չեմ ուզում գնան: Թոռնուհիս Ռուսաստանում է, ամեն անգամ լացելով է խոսում: Կարոտն է: Մյուս թոռնուհիս էլ է այնտեղ: Ինչու՞: Չեմ ուզում գնան ու կարոտեն: Ուզում եմ խաղաղութուն լինի, մեր երեխաները վերադառնան: Միակ ցանկությունս դա է: Ոչ մի մեծ չի ուզի, որ իր երեխաները չոլերն ընկնեն: Կմեծանաք կտեսնեք, ու կհասկանաք, ինչքան դժվար է, երբ  ջիգյարդ հեռու է»:

Հ. Գ. Ինչ էլ լինի՝ Արամ պապն ու Վարդուհի տատը չեն լքելու երկրորդ հարկն ամբողջությամբ ավերակի վերածված, պատերազմի դրոշմն անմիջականորեն կրող սահմանագլխի իրենց տունը: Չեն լքելու խնամված բակը, որտեղից աչքիդ առաջ անմիջապես երևում է թշնամու գյուղը:

Մեծերը զարմանալիորեն ամուր են կառչած սեփական տանը: Եվ անգամ կրակոցների ժամանակ անհնար է լինում համոզել ու տեղափոխել ավելի ապահով վայր:

«Ինչ էլ լինի, մենք այստեղից գնացողը չենք: Ծեծելով էլ տանեն, չենք գնա»,- ասում է Վարդուհի տատը:

Վերջին շրջանում տատն ու պապը հիվանդացել են, համոզելով նրանց տարել են Բերդ, սակայն հաջորդ իսկ օրն «առողջացել» են ու վերադարձել տուն:

 Ասում են՝ Արամ պապը կեսկատակ կեսլուրջ ասել է՝ մեզնից ում մի բան պատահի, ես Բերդ գնացողը չեմ…

 

Ուխտագնացությունը ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր Վեհափառ Հայրապետի օրհնությամբ կազմակերպել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:

Նախորդ հրապարակումները կարող եք կարդալ այստեղ.

Հենց մեր տղերքն են կրակում, իմ տան մեջ պարում եմ. Չինարին՝ անառիկ դարպաս

Սահմանն անառիկ է և անխորտակելի. 140 ուխտավորներ այցելեցին սահմանամերձ գյուղեր

 25 տարի է ՝ այսպես ապրում ենք. սահմանապահ Այգեպարի փխրուն խաղաղությունը

 

Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին