ԱՄՆ փոխնախագահ Ժոզեֆ Բայդենը Հարվարդի համալսարանում հնչեցրած ելույթի՝ մերձավորարևելյան գործընթացներին վերաբերող հատվածում մասնավորապես նշել է.
«Սիրիայում մեր գլխավոր խնդիրը եղել են տարածաշրջանում մեր դաշնակիցները: Թուրքերը հրաշալի բարեկամներ են եղել մեզ համար, ճիշտ այնպես, ինչպես՝ սաուդցիները, էմիրությունների ներկայացուցիչները և այլն: Բայց ի՞նչ արեցին նրանք: Նրանք չափազանց կենտրոնացած էին ալ-Ասադին պաշտոնանկ անելու վրա և միջնորդավորված պատերազմ էին վարում սուննիների ու շիաների միջև, նրանք հարյուր միլիոնավոր դոլարներ և տասնյակ հազարավոր տոննաներ զենք են ուղարկել բոլոր այն ուժերին, ովքեր համաձայնել են պատերազմել սիրիական իշխանությունների դեմ: Իսկ ճշմարտությունն այն է, որ մարդիկ, ովքեր ստանում էին այդ օգնությունը «Նուսրայի ճակատի» ու «ալ-Կաիդայի» գրոհայիններ էին և աշխարհի այլ մասերից Սիրիա եկած ծայրահեղական տրամադրվածություն ունեցող տարրեր»:
Եվ ի՞նչ է նշանակում ԱՄՆ-ի թիվ 2 պաշտոնյայի նման բնույթի հայտարարությունը: Ըստ էության, առանց ավելորդ տողատակերի, արդարացվում է այն տեսակետը, որ Սիրիայում ավելի քան 3,5 տարի շարունակվող ճգնաժամում ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցների մարտավարությունը, որի ուղղակի հետևանքն է Սիրիայում և Իրաքում ստեղծված ներկա քաոսային իրավիճակը, ոչ այլ ինչ է, քան ամերիկյան գրագետ մշակված ռազմավարական պլանի պարզ բաղադրիչ: