▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ է կատարվում Բաքվում, ինչից է վախեցած Ալիև-կրտսերը

Ադրբեջանում մարդու իրավունքների աղետալի վիճակի հետ կապված ԱՄՆ պետքարտուղարության կողմից երեկ արված դատապարտող հայտարարությանը պաշտոնական Բաքուն, ընդամենը ժամեր անց պատասխանեց իրավապաշտպանների և լրագրողների նոր ձերբակալություններով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Բաքվի Ապշերոնի շրջանի ոստիկանության աշխատակիցները անհայտ պատճառներով ձերբակալել են հայտնի ընդդիմադիր լրագրող Սեյմուր Հազիին, ով ներկայիս իշխանություններին սուր քննադատող ընդդիմադիր «Ազադլըգ» թերթի աշխատակից է: Միաժամանակ նաև նույն օրը Բաքվի դատախազությունում 6 ժամ հարցաքննության է ենթարկվել «Տնտեսական հետազոտությունների կենտրոնի» ղեկավար, «Ենի Մուսավաթ» կուսակցության նախագահի պաշտոնի թեկնածու Գուբադ Իբադօղլուն, ով հայտնի է որպես Ադրբեջանի իշխանությունների կողմից հորջորջվող' «աշխարհում նմանը չունեցող զարգացում ունեցող» երկրի տնտեսության խիստ քննադատ:
Եթե նայենք ընդհանուր պատկերը, ապա վերջին 10 օրում Ադրբեջանի իշխանությունները կալանավորել կամ դաժան ծեծի են ենթարկել 6-ից ավելի իրավապաշտպանների և հասարակական ակտիվիստների:
Թվում է, թե Բաքվում լուրջ խմորումներ են ընթանում ու Ալիև-կրտսերի վարչակարգը ինչ որ բանից խիստ վախեցած է ու ինչ որ բան է փորձում կանխել, կամ գուցե` չեզոքացնել: Սակայն ինչ: Ինչից է այդքան վախեցած Բաքուն, որ ընդամենը շաբաթներ առաջ Օբամայի ծննդյան տարեդարձի առիթով ջերմագին շնորհավորական խոսքեր շռայլող Իլհամ Ալիևն այսօր իր ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի բերանով բավական կոշտ արձագանքի է արժանացրել տիկին Փսակիի գնահատականներին` դրանք համարելով “անհիմն”, “քաղաքական ենթատեքստ պարունակող և Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուն միտված”, “երկրի վրա քաղաքական ճնշում գործադրելու նպատակ ունեցող” ու “իրականությունը չարտահայտող”:
ա. Բաքուն վախենում է սեփական ժողովրդի առաջ իր իրական դեմքով ներկայանալուց ու ռեալ իրականությունը խոստովանելուց
Ղարաբաղա-ադրբեջանական ու հայ-ադրբեջանական սահմանային վերջին լարվածությունը, որն ավարտվեց Բաքվի լիակատար պարտությամբ, ադրբեջնական հասարակության մեջ առաջացրեց հարցեր, որոնք արտացոլվեցին նաև մամուլում: Այն է` ինչպես է ստացվում, որ տարեկան միլիարդավոր դոլարներ սեփական ռազմական բյուջեի վրա ծախսող Ալիևի վարչակազմը կատարյալ պարտություն կրեց ու տվեց տասնյակ զոհեր ու վիրավորներ, այն դեպքում, երբ Բաքվի պաշտոնական կամ կիսապաշտոնական քարոզչամեքենայի ռեսուրսների` երկրի ներքին լսարանին կերակրող տեղեկատվության մեջ բացահայտ հայտարարվում էր, որ Հայաստանում քաոս է, մարդիկ բարոյալքված են, թողնում գնում են երկրից ու Հայաստանում մարդ չի մնացել: Որևէ առողջ բանականություն ու սթափ միտք ունեցող ադրբեջանցի, իսկ այդպիսիք շատ կան Ադրբեջանում, կհարցնի նախ ինքն իրեն, թե ինչպես կարողացավ բարոյալքված ու կիսադատարկ Հայաստանն այդպիսի հակահարված տալ Ալիևին իր իսկ սադրած լարվածությունը առ ոչինչ դարձնելով և երկրորդ, ինչն ավելի սարսափելի է ադրբեջանական ներկայիս իշխանությունների համար` որքանով են արդարացված ռազմական միլիարդավոր դոլարների ծախսսերը, երբ երկրում առկա են բազմաթիվ սոցիալական տնտեսական ու այլ խնդիրներ եթե մի հատ “բարոյալքված ու կիսադատարկ Հայաստան” կարողացավ Իլհամ Ալիևին խայտառակել ռազմական հարթակում, հարթակ, որը իր պաշտոնակալումից ի վեր վերջինս սեփականաշնորհել էր ու թմբկահարում էր ամեն պատեհ-անպատեհ առիթի ու դարձրել էր միակ ձևաչափը երկխոսության ու բանակցությունների: Ավելի պարզ ասած, ադրբեջնական հասարակության մեջ վերջին սահմանային դեպքերը զուգորդվելով պետական ու կիսապետական քարոզչամեքենայի տարածած, ներքին սպառման համար նախատեսված ստահոդ լուրերի հետ, ակամա Ադրբեջանին նետեցին իր իսկ փորած փոսի մեջ ու դիմակազերծեցին ինչպես Ալիև-կրտսերին, այնպես էլ նրա ողջ վարչակազմին: 
Ադրբեջանի ներկայիս վարչակազմը հասկանում է, որ այս իրավիճակում ուղղակի հեռու չէ այն օրը, երբ մարդիկ կսկսեն դժգոհել նախ իրենց խոհանոցներում, ապա բակերում ու փողոցներում և ապա այդ դժգոհությունը կստանա ավելի մեծ ծավալներ ու կազմակերպված տեսք ու ձև, և ի վերջո կբերի երկրում փոփոխությունների հրամայականի, ինչի դեպքում հարցականի տակ կդրվի արդեն իր իսկ իշխանությունը կամ դրա շարունակականության ապահովումը: Ի վերջո երկիրը գնալու է առաջ, առկա է կիրթ քաղաքացիների մեծ զանգված, ովքեր շատ լավ են հասկանում ամեն բան ու կարող են հանդիսանալ սերուցքը երկրում փոփոխություններ պահանջողների: Իսկ իրավապաշտպաններն ու լրագրողները այդ զանգվածի առաջամարտիկներն են, մտավորական խավը, հանրային յուրօրինակ հայելին, ովքեր պաշտպանված են միջազգային իրավունքի նորմերով ու կարող են պարզապես խառնել վարչակարգի հաշիվները: Ուստիև ներկայիս ձերբակալությունները հետևանք են Բաքվի սեփական հասարակության առաջ իրական դեմքով ներկայանալու վախի:

բ. Բաքվում պետական հեղաշրջման դավադրություն է բացահայտվել
Եթե ուշադիր ուսումնասիրենք Բաքվի ներկայիս ձերբակալությունների գործողությունները, ապա ակամա այն տպավորությունը կառաջանա, թե գործ ունենք կործանվող մարդու գործադրած անտրամանաբանական ու հուսահատ վերջին ճիգերի հետ: Նման տպավորությունը կարելի էր ստանալ նաև Ալիև-կրտսերի հայտնի “թվիթերյան պատերազմից”, որը հատեց-անցավ լրջության սահմաններն ու միջազգային ինչպես քաղաքական ու վերլուծական, այնպես էլ զուտ մամուլի բերանում դարձավ Բաքվի խանի մասին պատմող անեկդոտի պարարտ նյութ ի շարս այլ նյութերի: 
Այս դեպքում, ինչի մասին է խոսքը, կամ պարզ ասած ինչ ազդակներ կամ մեսսիջներ են ստացվել Գյուլիստանի պալատում, որից այսչափ սահմռկել են սեփական կործանման հեռանկարը տեսնելով:
Այստեղ ևս մի փոքրիկ հետհայաց կատարենք ու հասկանանք, թե ինչ կատարվեց վերջին մի քանի ամիսների ընթացքում:
Շատ ժամանակ չի անցել այն ԵԱՏՄ Աստանայի մայիսյան գագաթնաժողովի այն իրադարձությունից, որը կարելի է համարել Ալիևի այս տարվա հաղթանակաց գագաթը, երբ Ղազախստանի նախագահը կարդաց հրապարակավ Ալիևի նամակը ու մեղմ ասած Հայաստանին բավական նեղ դրության մեջ դրեց: Ասել, թե այդ “թատրոնը” բեմադրվում էր առանց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համաձայնության, կնշանակի առհասարակ մերժել իրականությունն ու ապրել սեփական պատրանքներով: Ուրեմն, ինչու Մոսկվան թույլ տվեց, որ հանդիպմանը Նորսուլթան Նազարբաևը կարդա այդ տխրահռչակ նամակը: 
Պատասխանը շատ պարզ է. Մոսկվան իր աշխարհի վերաբաժանման ներկայիս քաղաքականության համատեքստում ներառել է նաև Ադրբեջանին և այդ պահին ամեն գնով սիրաշահում էր Բաքվին` նրան դեպի ԵԱՏՄ բերելու համար: Ու այդ ժամանակ, քանի դեռ առաջարկը նոր էր հնչել, Մոսկվան “յուղման” քաղաքականություն էր վարում` նպատակ հետապնդելով, խաղալով Ադրբեջանի ցավոտ կողմի վրա, արագացնել դրական պատասխանի ստացումը: Ուստիև թույլ տվեց, որպեսզի Իլհամ Ալիևը մի քիչ իրեն զգա հերոս, թեկուզ և Նազարբաևի “քավորությամբ”: Սակայն անցավ ժամանակ ու պատասխանն ըստ ամենայնի դեռ չկա: Այդ ուշացումը, այսպես անվանենք, “պսակվեց” արդեն Սոչիի հանդիպման սառը տոնայնությամբ ու Ալիևն արդեն ինքն էր ստիպված կուլ տալ Հայաստանի նախագահ Ս. Սարգսյանի “հարձակումները” առանց ձայն-ծպտունի: 
Ասել է, թե` ազդարարվեց այն, որ Մոսկվան արդեն փոխել է իր կարճաժամկետ քաղաքականությունը Բաքվի նկատմամբ ու “գլուշոյանքից” անցել է “ապտակելուն”: Ալիև կրտսերը նաև հասկանում է, որ Մոսկվայի վերաբերմունքի փոփոխությունն ինչպիսի վտանգներով կարող է հղի լինել իր համար` սկսած Ղարաբաղյան հարցում իր համար անցանկալի հետևանքներից մինչև իր երկրի ներսում ընդվզումների հասունացում ու հրահրում: Հենց միայն այն, որ Բաքվում միրգ-բանջարեղենի գները վերջին շաբաթների ընթացում մինչև երկուս ու կես անգամ գնաճ է արձանագրվել առկա բերքը գրեթե լրիվ ծավալով ռուսական շուկա տեղափոխելու պատճառով, ամենապարզ ցուցիչն է, որ Մոսկվան կարող է ուղղակի սոցիալական պայթյունի միջոցով իրեն զրկել իշխանությունից և երկիը նոր ղեկավար կազմով մտցնել ԵԱՏՄ. թերևս պարզ է թե քաղցած ամբոխն ինչի է ընդունակ: Սա էականորեն թուլացնում է Բաքվի դիրքերը: Սակայն մեկ նրբերանգ այնուհանդերձ կա: Իսկ եթե Բաքուն նկատվել է սկսել որպես համեղ պատառ ու մրցավազք է գնում Կրեմլի ու Սպիտակ տան միջև հանուն այդ պատառի:
Մյուս կողմից ադրբեջանական ղեկավարությունը աչքի առաջ ունենալով թեկուզև արաբական գարունն ու ուկրաինական դեպքերը, լավ է հասկանում, որ ի դեմս իր երկրում առկա իրավապաշտպանների ու լրագրողական խավի որոշ շերտի, ԱՄՆ-ն կամ Արևմուտքն առհասարակ, ունի իր հուսալի հենարանաը: Դժվար չէ հասկանալ, որ ամերիկյան իշխանությունների գրեթե կեսդարյա փորձի վրա խարսխված պետական հեղաշրջումների մեթոդիկան այժմ կարող է կիրառվել նաև Բաքվում: Չի բացառվում, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները արդեն իսկ որոշակի բացահայտումներ կատարել են ու որոշակի ինֆորմացիա հաղորդել են Գյուլիստանի պալատի տանտիրոջը ու հիմա այս ձերբակալություններով վերջինս փորձում է չեզոքացնել այդ դավադրությունը` սեփական իշխանությունն ու վերջինիս շարունակականությունն ապահովելու համար: Չէ որ հայտնի բան է, որ ամերիկյան դավադրությունների տեսաբանները պետական հեղարջման ցանկացած նոր օպերացիա սկսում են թմբկահարելով մարդու իրավունքներ ու ազատություններ, ժողովրդավարություն և այլ կատեգորիաներ ու հասկացություններ, իսկ այս դեպքում Փսակիի հնչեցրած գնահատականները կարես թե լիովին տեղավորվում են այդ թմբկահարումների կաղապարի մեջ: Նույնիսկ ղարաբաղամետ հայտարարությունները Կալիֆոռնիայի նահանգային մակարդակում ուղերձ էին Բաքվին, թե ինչ կարող է անել Սպիտակ տունը:
Դժվար է հստակ կանխատեսումներ անելը. հատկապես երբ գործ ունես անհավասարակշիռ ու անադակվատ գորչի հետ: Սակայն այն, որ Ալիև-կրտսերը խառնվել-խճճվել է սեփական հաշիվների մեջ ու հայտնվել ինչ-որ սարդոստայնի մեջ և այժմ հուսահատ ճիգեր է անում դրանից դուրս գալու, պարզ է: Պարզ է նաև այն, որ Բաքվի խանը մահու չափ վախեցած է:

 

Անկախ թղթակից

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին